Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր.
«Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ խնդրելով գնահատելլ Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելու հայտարարությունը:
«Հանրության մեջ կարծիք կա, որ 1996 թվականի ընտրություններն էլ արդար և թափանցիկ չեն եղել. ես կարծում եմ դա է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրացրել է: Դա ծայրահեղ գնահատական էր, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի մասով: Ճիշտ է՝ ընտրություններն ամենալավը չեն եղել, բայց չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբևիցե չարիք է եղել մեր երկրի համար, հատկապես, որ երբեք կառչած չի եղել իր իշխանությունից, և երբ եկել է անհրաժեշտ պահը, երբ հասկացել է, որ իր թիմը չի կիսում իր տեսակետները, հրաժարական է տվել»,- նկատեց նա:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ կարծիքը եղել է սխալ ձևակերպված:
Իսկ հարցին՝ ինչպես է վերաբերվում վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ակտիվությանը և հնչեցրած հայտարարություններին, մեր զրուցակիցն ասաց.
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մի քանի տարի պետք է լռեր, որովհետև ժողովուրդը մերժելով նրան՝ այլևս ցանկություն չունի նրան լսելու, բացի այն հատվածից, որ նրա հետ միասին օգտվել են այդ թալանից»:
ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է և պետք է շատ լավ գիտակցեր, որ հիմա լավ ժամանակ չէ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար:
«Սերժ Սարգսյանի ակտիվությունը հիմա անիմաստ է, նա կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ակտիվ է, ապա ինքը նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալի: Նա շատ լավ գիտակցում է, որ իշխանությանն այլընտրանք լինել այս պահին չի կարող»,- ասաց նա:
Լիդա Եղիազարյան