«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում տեղի են ունենալու հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգը հագեցած է, իսկ առաջարկվող նախագծերը` շատ թեժ բովանդակությամբ: Նիստեր կլինեն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, որտեղ գլխավոր թեման կրկին հակածխախոտային նախագիծն է, որը հասցրել է կրքեր բորբոքել հանձնաժողովի նախորդ նիստում:
Նշենք, որ դեկտեմբերի երեքին խորհրդարանում մեկնակելու է Աժ հերթական նիստը, ինչի համար էլ հայրենի խորհրդարանականները որոշել են մեկ օրվա մեջ այս հանձնաժողովներում նիստ եւ արտահերթ նիստ հրավիրել:
Բանն այն է, որ խորհրդարանը պետք է տարբեր նախագծեր հասցնի այս տարի քննարկել, ինչի համար որոշել են ԱԺ հանձնաժողովներում ծանրաբեռնված օրակարգով նիստեր հրավիրել:
Սպասվում է, որ թեժ նիստ կլինի հենց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղպետք է ներկա լինի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ովպետք է ներկայացնի «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագիծը: Թե ինչ ընթացք կունենա նիստը, դժվար է ասել, քանի որ նախորդը շատ բուռն էր, քանի որ Թորոսյանը նախագիծը ներկայացնելուց այնպես է ներկայացնում, որ այն վերջնական է ու փոփոխման ենթակա չէ, ինչի համար օրենսդիրի ներկայացուցիչները վրդովվում են:
Նույն հանձնաժողովում ընդգրկված է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը, ըստ տեղեկությունների, պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ պետք է քննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Ըստ նախագծի` պետք է այսուհետ ԱԱԾ-ից բացի գաղտնալսի նաեւ ոստիկանությունը, որը խորհրդարանում մեծ աժիոտաժ է առաջացրել: Թե ինչ ընթացք կստանան հանձնաժողովներում այս նախագծերը, պարզ կլինի այսօր:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ