Հարց քաղաքացիներից՝ անչափահաս աղջիկ և ծառայության մեջ գտնվող տղա ունենալու դեպքում պետության կողմից նպաստ տրվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնամքիս ունեմ երկու երեխաներ` աղջիկս` անչափահաս, եւ տղաս, որը ծառայության մեջ է գտնվում: Չունեմ աշխատանք: Խնդրում եմ ասել` արդյոք պետության կողմից նպաստ, արտոնություն կամ օգնություն ստանալու իրավունք ունեմ:

Արեւիկ Կարապետյան (տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան եւ սոցիալական նպաստների նշանակման եւ վճարման, ինչպես նաեւ դրանց նշանակման համար հիմք հանդիսացող, ընտանիքի անապահովության միավորի հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով եւ Կառավարության 30.10.2014թ. N 145-Ն որոշմամբ:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, դիմում է փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող սոցիալական մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթեր: Դրանցում ներառված կամ պետական այլ մարմիններից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների մուտքագրումն ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական բազա իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:

Ընտանիքի անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված ընտանիքի անապահովության մի շարք բնութագրիչների հիման վրա:

Նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային  միավորից:

Տեղեկացնում ենք, որ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում ունի եռամսյակային հրատապ օգնության իրավունք: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով (18.000 դրամ)` երեք ամիս ժամկետով:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու եւ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն/ բաժին եւ ներկայացնի  անհրաժեշտ փաստաթղթերը: Ձերք բերած անապահովության գնահատման միավորով կորոշվի նրա ընտանիքի` ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելն ու նպաստ ստանալը դարձել է մի բարդ պրոցես: Ցավոք, հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների համար նպաստի այդքան քիչ գումարը կարողանում է մեծ դեր ունենալ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս