«Քաղաքապետին խորհուրդ կտայի չխուսափել». Հայկ Մարությանը կհրավիրվի քննիչ հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուղարկել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրություն, որով առաջարկում են խորհրդարանում կրկին քննիչ հանձնաժողով ստեղծել: Ընդդիմադիրները նպատակ ունեն ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը:

Երեկ արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»: Միրզոյանը տեղեկացրեց. «Ասեմ նաեւ, որ որոշ մեկնաբանություններ կային` քննիչ հանձնաժողովի մասին այս ձեւակերպման հետ կապված: Մեկնաբանությունների մի մասի համաձայն` պետք է ձեւակերպումն այնպես լիներ, որ հստակ լիներ` օրենսդրության կատարման մոնիտորինգի վերահսկողության հետ կապված է ստեղծվում քննիչ հանձնաժողովը, տպավորություն չլինի, որ ԱԺ-ն պիտի գործի իր սահմանած իրավասություններից դուրս:

Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ, ըստ էության, կա քաղաքական կամք բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու, եւ կա քաղաքական կամք տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը որեւէ բան կոծկելու մտադրություն ունի»:

Քննիչ հանձնաժողովը նախագահելու է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սամսոնյանի հետ` պարզելու, թե ինչու որոշեցին քննիչ հանձնաժողով ստեղծել:

-Տիկի՛ն Սամսոնյան, արդեն հաստատվել է, որ խորհրդարանում ստեղծվելու է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ի՞նչ եք քննելու:

-Կարծում եմ` անհասկանալի որեւէ բան չկա, հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի ուսումնասիրի 2018 թվականի սեպտեմբերից Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված շինթույլտվությունների, նվիրատվությունների հարցը, փորձելու է գտնել դրանց մեջ առկա կապերը: Ուսումնասիրելու է այն, ինչի մասին մենք այս քանի օրվա մեջ խոսել ենք, տեղեկություններ են հրապարակվել, ասյինքն` երբ մենք ասում ենք, որ Երեւանը ստացել է նվիրատվություն եւ դրա դիմաց ստացել է ծառայություն, ասում են` նման բան չկա: Մենք էլ որոշել ենք ստեղծել քննիչ հանձնաժողով, որի ժամանակ էլ կուսումնասիրենք այդ ամենը, բոլոր հանգամանքները շատ լայն շրջանակներով:

-Իսկ ովքե՞ր են լինելու հանձնաժողովի կազմում, կա՞ արդեն հստակ ծրագիր, թե ինչից եք սկսկելու հանձնաժողովի աշխատանքները, ում եք հրավիրելու քննիչ հանձնաժողով:

-Հանձնաժողովը հարցում է անելու քաղաքապետարանին, եւ եթե անհրաժեշտություն լինի, նաեւ կառավարությանը, ստանալու է բոլոր փաստաթղթերը, այն, ինչ մեզ անհրաժեշտ է լինելու խնդրի առարկայի մեջ խորանալու համար, ինչպես նաեւ, այո, հրավիրելու ենք շատ սուբյեկտների, ովքեր կպատասխանեն մեր հարցերին:

-Այսինքն` քանի որ Երեւանի քաղաքապետարանը ամեն կերպ հերքում է այն տեղեկությունը, որ շինթույլտվություն է տվել տարբեր սուբյեկտների, որոնց դիմաց ինչ-որ բաներ է պահանջել, փորձելու եք դա՞ ապացուցել:

-Ես կարծում եմ, որ այս մի քանի օրը Հայկ Մարությանի ցուցաբերած վարքագիծը, նրա վախվորած վարքագիծը, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների վարքագիծը, մեր ողջամիտ կասկածների վերաբերյալ բարձրացրած ժխորը, բանավեճի հրավերը չընդունելու փաստը եւ այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ մենք ունենք խնդիր:

-Իսկ հնարավո՞ր է` քաղաքապետարանը թաքցնի բոլոր այն տեղեկությունները, որոնք կվկայեն Ձեր հայատարարությունների իսկությունը:

-Իրենք մեզանից որեւէ փաստաթուղթ չեն կարողանալու թաքցնել, քանի որ իրենք կրելու են համապատասխան պատասխանատվություն:

-Հանձնաժողով հրավիրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

-Իհարկե, որովհետեւ որոշում կայացնողը ինքն է, հանձնաժողովը դեռեւս պետք է կազմավորվի, հանձնաժողովն իր առջեւ դնելու է խնդիրները ու ըստ այդ խնդիրների` փորձենք հասկանալ` ինչ ժամկետում ենք ուղարկելու հարցումները եւ երբ ու ում ենք հրավիրելու, որպեսզի պատասխանի մեր հարցերին: Ես քաղաքապետին խորհուրդ կտայի չխուսափել, լավ կլիներ` չխուսափեր, քանի որ դա իր շահերից է բխում:

Հ.Գ. Այսինքն` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ելք չի մնում, քան ներկայանալ քննիչ հանձնաժողով ու, ի վերջո, ներկայացնել ամբողջ ճշմարտությունը` շինթույլտվությունների հետ կապված:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս