Իրարանցում իմքայլականների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում խառը իրավիճակ է, քանի որ խմբակցության շատ պատգամավորներ գործուղումների են մեկնել, ու հնարավոր չի լինում ապահովել նորմալ քվեարկություն, իսկ խորհրդարանի դահլիճը կիսադատարկ է:

Մեր տեղեկությունների համաձայն` իրավիճակը թեժանալու է, քանի որ շաբաթ օրը խորհրդարանից մեծ պատվիրակություն է մեկնելու հարեւան Վրաստան` աշխատանքային հանդիպումների, իսկ երկուշաբթի պետք է խորհրդարանում մեկնարկի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քննարկումը, այնուհետեւ քվերակությունն է սպասվում: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մոտ 7 պատգամավոր մեկնելու է Թբիլիսի:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ ԱԺ Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված պատգամավորները 10-ն են, ու կարելի է ասել` խորհրդարանը կրկին դատարկվելու է, իսկ քվերակությունը կարող է տապալվել, ինչի համար էլ իմքայլականները խուճապային իրավիճակում փորձում են ամեն կերպ հարցին լուծում տալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախ ամեն կերպ ամեն ինչ արվում է, որպեսզի այս օրերին պատգամավորները չբացակայեն խորհրդարանից, իսկ արդեն երկուշաբթի օրը մասնակցեն դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող նախագծի քննարկմանն ու քվեարկությանը:

Ըստ մեր տեղեկությունների` ի վերջո, երեկ իմքայլականները որոշել են, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամները գործուղման մեկնելուց առաջ կթողնեն իրենց «կողմ» քվեարկության ծրարը, ինչպես կանոնակարգն է նախատեսում, հետո միայն կմեկնեն Վրաստան:

Նշենք, որ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն է, իսկ այս պատվիրակության կազմում գործուղման կմեկնեն նաեւ իմքալականներ Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Միքայել Զոլյանը, Նարեկ Մկրտչյանը: Իսկ թե այդ օրը ինչպես կիրականացվի քվեարկությունը, արդյոք իշխանական խմբակցությանը կհաջողվի ապահովել մյուս պատգամավորների ներկայությունը, դժվար է կանխատեսել:

Նյութը` Սոնա Գրիգորյանի




Լրահոս