Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին: Խոսքը Սուրեն Աղաջանյանի մասին է, որն այս պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ պարկի անտառապահն էր:
Այսպես, ըստ որոշ տեղեկությունների` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿի տնօրենը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ որսորդական հրացանով կրակել է շան գլխին ու սպանել կենդանուն: Քաղաքացիների ահազանգով ռեստորան եկած ոստիկանները ընթացք չեն տվել` պատճառաբանելով, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, ապա գնացել են:
Սակայն երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Սուրեն Աղաջանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք):
Ի դեպ, այս արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Բացի այս, նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենից առգրավվել է «ՏՕԶ-16» մոդելի որսորդական հրացանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ եւ հետաքրքրվել` արդյոք ափսոսում է իր կատարած արարքի համար:
-Պարո՛ն Աղաջանյան, ինչո՞ւ եք կրակել շան վրա:
-Կատաղած շունը… կատաղել, հարձակվել էր ժողովրդի վրա, երկու-երեք աշխատողի վրա… Այդ պահին էլ, որ միանգամից փախչի, ու ոչ մի բան…
-Այդպես միանգամից վերցրել եք զենքն ու կրակե՞լ…
-(Հառաչում է- Ս.Հ.) Որպեսզի փախչեր, դա էր, ուրիշ ոչ մի բան:
-Սատկե՞լ է շունը:
-Ես չգիտեմ:
-Որ կրակել եք, միանգամից շա՞նն է կպել:
-Ես չեմ կարող ասել:
-Փոշմանե՞լ եք, որ կրակել եք:
-Ո՞նց թե փոշմանել եմ, ես ամենաշատ կենդանի սիրող ու պահողն եմ:
-Դրա համար եմ հարցնում` փոշմանել եք արդյոք, որ կրակել եք:
-Հա բա ի՞նչ անեի, հարձակվում էր մարդկանց վրա, կատաղած շուն էր, Դուք էլ լինեիք, նույնը կանեիք: Իմ շունն է եղել, իմ սեփական շունը: Կատաղած երեք հոգու վրա հարձակում է կատարում… Հարձակվում է կատաղած շունը: Բա կատաղած շուն է, ո՞վ իր շանը բան կանի, աղջի՛կ ջան: Իսկ եթե մի էրեխու կծեր, մի բան աներ, ի՞նչ կլիներ…
-Կապած չի՞ եղել:
-Չէ, բաց թողած էր:
-Ինչո՞ւ եք կատաղած շանը բաց թողել:
-Ո՞նց թե… Բաց եմ թողել, ըտեղ ա եղել, պռոստը կատաղել է, էդ է եղել…
-Բայց, կարծես թե, փոշմանել եք, ցավ եք ապրում…
-Դե, չգիտեմ է~, նա՛ն ջան…
-Պարո՛ն Աղաջանյան, քանի՞ տարի եք այդ շանը պահել:
-Մի քանի տարի, չեմ կարող ասել, անձնագիր չունի:
-Այդքան տարիներ պահել եք շանը ու կրակել եք, ո՞նց Ձեր ձեռքը գնաց` կրակեցիք:
– (լռում է- Ս.Հ. )
-Պարո՛ն Աղաջանյա՞ն…
-Դե լավ արդեն, դա պահն է ամեն ինչը որոշում, դա ասելով հո չի: Դուք գիտեք` մարդը մարդուն չի ուզում խփի, բայց պահի տակ որ պաշտպանություն է լինում, խփում են, չէ՞:
-Ի՞նչ եք անելու Ձեր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ կապված: Ազատազրկո՞ւմ է սպասվում, թե՞ տուգանք եք վճարելու:
-Ինչ կորոշի, կորոշի, ես չեմ որոշողը… Իրավապահ մարմինները ինչ կորոշեն, կորոշեն:
-Շրջակա միջավայրի նախարարի կողմից նկատողություն ստացե՞լ եք:
-Դե ես այստեղ այնքան աշխատանք եմ արել, որ… Ես չգիտեմ, ես ամենաուժեղ բնապահպանն եմ մեր օրերում:
-Հիմա հաջորդ անգամ որ նման իրավիճակ լինի, կկրակե՞ք:
-Ոչ, եթե այդ կազմակերպությունները աշխատեին, հավաքեին շներին, ուշադիր լինեին, ոչ մեկը չի անի:
-Ի՞նչ կապ ունեն այդ կազմակերպությունները. Ձեր սեփական շունն է եղել:
-Ասում եմ` «Դինգո» կազմակերպությունը որ կա, ուշադիր լինեն ոչ միայն թափառական, ընդհանուր, որ իմանաս` ում դիմես, ինչ անես…
-Ախր, գիտեիք, որ կատաղած է, ո՞նց եք բաց թողել:
-Ես նորից եմ ասում, հո ամեն շուն չե՞ն կապում, դա կատաղել է, տարածքը (նկատի ունի իրեն պատկանող ռեստորանը-Ս.Հ.) հսկող շունն էր:
-Բայց կծե՞լ է:
-Սիրո՛ւն ջան, մարդիկ պաշտպանվել են, դա է եղել: Փրկել ենք:
-Հնարավո՞ր է` հրաժարական տաք այս դեպքից հետո:
-Չեմ կարող ասել, ոչ մի բան չեմ կարող ասել:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը