ՀԱՐՑ. Եթե 8 ամիս ծառայելուց հետո զինվորին հրամանատարը հրաժարվում է արձակուրդ տալ, ի՞նչ պատիժ է սպասվում հրամանատարին եւ ի՞նչ պիտի անի զինվորը նման դեպքում:Կամո Վարդանյան, 46 տարեկան, ծաղկավաճառՊԱՏԱՍԽԱՆ. Զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին զինծառայության ընթացքում խրախուսման կարգով ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության ընթացքում կարող է տրվել արձակուրդ: Արձակուրդի տրման ընտրությունը, ըստ գրաֆիկի, տալիս է զորամասի հրամանատարը` ելնելով նրա ծառայության բարեխիղճ կատարումից: Նախ եւ առաջ զինվորը պետք է պարզի` իր հերթը երբ պիտի հասնի եւ արդյոք կա իրեն հասանելիք արձակուրդ, եթե ոչ, պիտի պարզի պատճառները: Արձակուրդը պարտադիր տրման ենթակա չէ, եթե արձակուրդ չի տրվել, ուրեմն խրախուսման ենթակա չէ: Օրենքով պատասխանատվություն չի նախատեսված հրամանատարի համար: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ գեղեցիկ շարադրել է պարոն Կարապետյանը զինվորի իրավունքների մասին: Բայց դժվար է մեր օրերում պատկերացնել, թե ինչպես է զինվորը մտնելու հրամանատարի մոտ եւ հաշվետվություն պահանջելու` իրեն արձակուրդ չտրամադրելու վերաբերյալ: Սակայն այս հարցում ամենակարեւոր բացահայտումն այն էր, որ հրամանատարն ինքնուրույն, նույնիսկ հակաօրինական որոշում կայացնելու համար չի պատժվում: Իհարկե, հրամանը հրաման է, բայց հրամանն էլ պետք է օրինականության հիմքեր ունենա: Հայտնի է, որ շատ դեպքերում «սիմպատիաներով» առաջնորդվող հրամանատարները զինվորներին արձակուրդ չեն տալիս, քանի որ այդպես են ուզում: Բա ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը: Կարծում ենք, որ պաշտպանության նախարարությունում էլ կհամաձայնեն մեր դիտարկման հետ, որ զինվորները հաստատ չեն կարողանալու հրամանատարի հետ «գլուխ դնել», քանի որ նրա ենթակայության տակ են գտնվում ուղիղ երկու տարի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ