Ես վստահ չեմ, որ սրա միջոցով այդ հարցը կլուծվի. պատգամավորը՝ Սահմանադրական դատարանի դատավորների` վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանում վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը, որին դեմ քվեարկեցին ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, իսկ իմքայլականներից 65 պատգամավոր կողմ քվեարկեց, 18 պատգամավոր ծրարով իրենց «կողմ» ձայներն էին թողել ԱԺ քարտուղարությունում: Ընդդիմությունը համարում է, որ նման կերպ քվեարկությանը մասնակցելն իսկապես զավեշտալի է, քանի որ պատգամավորները նախապես իրենց «կտակն» են թողնում ու գնում երկրից` չիմանալով` մինչեւ այդ ԱԺ-ում ինչ է քննարկվել, ի վերջո, ինչ արդյունք ունեն, գուցե քննարկումներից հետո դիրքորոշում է փոխվում:

Անհասկանալի է նաեւ այն իրավիճակը, երբ պատգամավորները միայն երկրից բացակայելու դեպքում են կարողանում իրենց «ծրարը» թողել, երբ, ասենք, հնարավոր է հենց այդ ժամին պատգամավորը հանդիպումներ է ունենում իր քաղաքացիների հետ, դասախոսության է կարդում կամ առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է, չի կարողանում որեւէ կերպ մասնակցել քվեարկությանը: Այս հարցը մնում է օդում կախված:

Ինչեւէ, երեկ ԱԺ էր ներկայացել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը ներկայացրեց օրենքի նախագիծը: Ասաց, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր` 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի` ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից նախագծի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները շատ կոշտ հայտարարություններով հանդես եկան, ամեն ինչ արեցին, որպեսզի նախագիծը չընդունվի, սակայն ապարդյուն, իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ արեցին, որպեսզի այն առաջին ընթերցմամբ ընդունվի:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ` պարզելու համար, թե ինչու ականջալուր չեղան ընդդիմությանը ու ընդունեցին օրենքի նախագիծը:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք կողմ քվեարկեցիք Սահմանադրական դատարանում վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծին, ինչո՞ւ:

-Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք, տարբերակներ գտնենք իրավական ճանապարհով այս հարցը լուծելու:

-Այսինքն` Սահմանադրական դատարանի դատավորների` վաղաժամ կենսաթոշակի անցնելը համարում եք իրավական ճանապարհով լուծո՞ւմ: Ընդդիմադիրների կարծիքով` իշխանությունը ճնշում է գործադրում դատական համակարգի վրա:

-Իրավական ճանապարհ է, որովհետեւ իրավունքի ուժով կարող է հարցը լուծվել, այսինքն ոչ թե գնանք կոնֆլիկտի, ոչ թե գնանք նոր խնդիրներ ստեղծելուն, այլ մոտիվացիոն ճանապարհով, իրավունքի ուժով այս հարցը լուծենք: Հիմա ես վստահ չեմ, որ սրա միջոցով այդ հարցը կլուծվի, բայց սա նույնպես ճանապարհ է, պետք է փորձենք:

-ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու խնդի՞րն է այս նախագծով իշխանությունը լուծում:

-Խնդիրը, ես կարծում եմ, Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի եւ անվստահության հարցն է:

-Բայց ընդդիմությունն ասում է, որ իշխանությունները դատավորներին էլիտար թոշակի են ուղարկում` հետեւանքների մասին չմտածելով: Համակարծիք չե՞ք:

-Բայց մենք ասում ենք, որ սա մեխանիզմներից մեկն է, որով հնարավոր է այդ խնդիրը լուծել: Ես, տեսեք, հիմա անգամ վստահ չեմ` այդ մեխանիզմը կաշխատի, թե ոչ, բայց մենք, որպես մեկ քայլ, նույնպես սա պետք է անենք` հնարավորություն տալով այս ճանապարհը նույնպես փորձել: Մենք չունենք պատրաստ լուծումներ այս հարցում, այսինքն` նախադեպը չունեցող պրոցես է, եւ չգիտենք` ինչպես կլուծվի դեռեւս: Բայց մենք այս քայլն էլ պետք է անենք: Եթե կառավարությունը գտնում է, որ այս քայլը արդյունք կտա, մենք վստահում ենք կառավարությանը:

-Կարծես թե մի լուծում էլ էր գտել կառավարությունը Սահմանադրական ճգնաժամը լուծելու համար` ՍԴ ուղարկելով «իրենց մարդուն»` Վահե Գրիգորյանին. ինչո՞ւ չլուծվեց այդ դեպքում հարցը:

-Մեկ ներկայացուցչով հնարավոր չէ այդ խնդիրը լուծել, պետք է ամբողջ համակարգը փոխվի, ամբողջ ինստիտուտը փոխվի եւ, ամենակարեւորը, վստահություն է պետք այդ ինստիտուտի նկատմամբ, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ինստիտուտը իրականում գործում է որպես Սահմանադրական ինստիտուտ: Հնարավոր չէ երկրում ունենալ ինստիտուտներ եւ մեկ շատ կարեւոր ինստիտուտ, մնացած ինստիտուտները անվստահություն ունենան այդ մեկի նկատմամբ: Խնդիրը իրականում քաղաքական խնդիր է, բայց չի նշանակում քաղաքական կառավարող ուժը որոշում է կայացրել դարձնել իրենը, որոշում է կայացրել վերադարձնել ժողովրդին այդ ինստիտուտը: Պետք է մենք տարբեր մեթոդներ կիրառենք, որպեսզի այս ինստիտուտը դառնա ժողովրդական:

-Եթե այս մեխանիզմը չաշխատեց, այլ ելք ունե՞ք Սահմանադրական ճգնաժամի կարգավորման համար:

-Այո, կարծում եմ` մենք անընդհատ կքննարկենք, նաեւ Սահմանադրական դատարանի հետ կքննարկենք, պետք է երկխոսությունը միշտ պահենք, մենք իրավական լուծում ենք ուզում հարցին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս