Ամանորը մեզ համար ընտանեկան, ոչ թե խաբեության տոն է. Արտաշես Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա հարցազրույցների շարք հայտնիների հետ: Մեր զրուցակիցն այս անգամ Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն է: Նա խոստովանել է, որ շատ չի սիրում Ամանորը, քանի որ որոշ առումներով այն համարում է հորինովի տոն: Ամեն դեպքում, դերասանն իր թոռների հետ նշում է Ամանորը՝ վերածելով այն ընտանեկան տոնի: Պարոն Ալեքսանյանը շեշտում է՝ միայն այն, որ ինքն ապրում է հայրենիքում, մեծ նվեր է իր համար, իսկ 2020-ի համար հատուկ ցանկություն է պահում, որ սահմանները խաղաղ լինեն, զինվորները առողջ վերադառնան, սերունդը մեծանա հայեցի:

-Պարո՛ն Ալեքսանյան, Նոր տարվան շա՞տ եք սպասում: Կան մարդիկ, որոնք ամբողջ տարի սրտի թրթիռով սպասում են հենց այս տոնին: Ձեր պարագայում այդպե՞ս է:

-Ընդհանրապես, ես մտացածին, հորինովի տոներ չեմ սիրում: Բացի այդ, Ամանորին տարին փոխվում է, մեկ տարով մեծանում ենք, ուրախանալու առիթ չեմ տեսնում:

-Իսկ Նոր տարվա հրա՞շքը, Ձմեռ պապի՞կը, գալիք տարվա սպասո՞ւմը… Չէ՞ որ այս տոնը ջերմացնում է մարդկանց սրտերը, նրանց ավելի լավն է դարձնում, հույս է ներշնչում՝ գալիք տարվա հետ կապված:

-Ինձ դուր չի գալիս այն, որ մենք երեխաներին փոքրուց խաբում ենք, այդպես էլ դաստիարակում ենք: Հետո նրանք մեծանում են, հասկանում են, որ ոչ մի Ձմեռ պապ էլ չկա, Ձմեռ պապը հարեւան Հրաչ «ձյաձյան» է կամ Պողոս պապիկը: Ի՞նչ պատասխանել երեխաներին, եթե խաբել ես: Կարելի է երեխաներին Ամանորի կապակցությամբ նվերներ հանձնել հենց հոր, մոր, տատիկի եւ մյուսների կողմից:

-Այնուամենայնիվ, Ամանորի սեղանի ո՞ր ուտեստն է Ձեզ ձգում:

-Առհասարակ, շատ եմ սիրում թփով տոլման՝ մածուն-սխտորով:

-Երեք թոռ ունեք, ստացվու՞մ է Ամանորին բոլորով հավաքվել մի տեղ, օրը տոնի վերածել: Նախկինում հայերս ազգուտակով հավաքվում էինք նման տոներին: Վերջին տարիներին, դա, կարծես, միշտ չէ, որ ստացվում է:

-Ամբողջ ազգուտակով չենք կարող հավաքվել, որովհետեւ հայերին չեն թողնի մի տեղ ծնվել ու մի տեղ ապրել: Բայց երբ հնարավորություն լինում է, իհարկե ոչ բոլորով, բայց թոռնիկների հետ նշում ենք Ամանորը. այն մեզ համար ընտանեկան, ոչ թե խաբեության տոն է:

-Ամանորի առթիվ, բացի երեխաներից, տան մյուս անդամներով իրար նվերներ անու՞մ եք:

-Այո, ընտանիքի անդամներով բոլորս էլ միմյանց նվերներ ենք անում:

-2020 թվականի հետ կապված ի՞նչ ցանկություն եք պահում, ի՞նչ մաղթանք ունեք մեր ժողովրդին:

-Ուզում եմ գալիս տարում խաղաղություն տիրի մեր երկրում: Հայերս արժանի չենք այսքան տանջանքների ու փորձությունների: Ուզում եմ հայ ցեղը ծաղկի ու բարգավաճի:

-Գալիք տարի սպիտակ առնետի տարի է: Նշանակություն տալի՞ս եք հորոսկոպին:

-Հատուկ նշանակություն չեմ տալիս, բայց եթե աստղաբանները ինչ-որ ուսումնասիրություններ են արել, գուցե ինչ-որ օրինաչափություններ իսկապես կան:

-Սուրբ ծնունդն ինչպե՞ս եք նշում:

-Սուրբ ծնունդն ինձ համար օջախում ծնվող երեխայի ծնունդն է: Ես չեմ ֆետիշացնում Քրիստոսին: Ես համարում եմ, որ Քրիստոսը մեզնից մեկն է, ուղղակի նա այնքան բարի է ու համբերատար, որ իր սիրով հաղթեց աշխարհին: Ամեն մարդ չէ, որ կարող է դառնալ նրա հետեւորդը:

-Ինքներդ 2020-ին ի՞նչ նվեր կցանկանաք ստանալ:

-Այն, որ ապրում եմ հայրենիքում, արդեն իսկ մեծ նվեր է: Ինձ համար նվեր կլինի այն, որ սահմանները խաղաղ լինեն, զինվորները առողջ վերադառնան, սերունդը մեծանա հայեցի: Ինձ համար նվեր կլինի այն, որ երիտասարդ սերունդն իր անցյալը չմոռանա: Մենք պատմություն ունեցող ազգ ենք: Պետք չէ ներկան կերտելու ընթացքում մեր պատմությանը խառնել բաներ, որոնք հարիր չեն մեզ: Ծառն իր արմատով է իր հողի վրա ուժեղ. եթե ուզենաս այդ ծառը կտրես, պետք է կարողանաս հասնել արմատին: Հայ ցեղի արմատները տարածված են աշխարհով մեկ, եւ որքան էլ ոմանք ցանկանան արմատախիլ անել այդ ծառը, հայի իսկական գենը խոսելու է:

Անի Անտոնյան




Լրահոս