2019թ․ դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլոց, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք, որ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերության՝ գովազդային շուկայից օգտվել-չօգտվելու հարցը նախկին իշխանությունների օրոք միշտ լուծվել է կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու կոնկրետ բիզնես-խմբերի շահերից, այլ ոչ թե հիմնվելով վստահություն ներշնչող հաշվարկների ու լուրջ փաստարկների վրա։ Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։
Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։
Անընդունելի և աչառու համարելով նշված օրինագծին կից հիմնավորումները՝ մենք պահանջում ենք.
– Արդարադատության նախարարությունից՝ շրջանառությունից հանել վերոհիշյալ փաստաթուղթը և կազմակերպել բաց քննարկում Հանրային հեռուստատեսությամբ գովազդ հեռարձակելու հարցի վերաբերյալ,
– Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հայտնել հրապարակային դիրքորոշում հանրային հեռարձակողի՝ բյուջետային հատկացումներից բացի, գովազդային շուկայից օգտվելու անհրաժեշտության առնչությամբ,
– Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ ներկայացնել լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ՝ բյուջետային ֆինանսավորման անբավարարության և գովազդ հեռարձակելու հրատապության վերաբերյալ, ինչպես նաև՝ պարզաբանումներ, թե ինչու են այդ խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները համաձայնեցվում բացառապես իշխանությունների հետ, և անտեսվում է այլ շահագրգիռ կողմերի կարծիքը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ