ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները շարունակում են, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ներկայացնել նիստերից բացակաների ցանկը, իսկ դա էլ հանգեցնում է նրան, որ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում: Եվ, ահա, ըստ Աժ առողջապահության եւ սոցիալական մշտական հանձնաժողովի ներկայացրած տեղեկանքի` դեկտեմբեր ամսին նիստերից բացակայել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն ու ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը:
Սակայն հանձնաժողովը դեռեւս չի ներկայացրել նոյեմբեր ամսվա բացակաների ցանկը: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբեր ամսվա նիստերից չորս բացակա է ունեցել` Ալեն Սիմոնյան (բացակայել է երկու նիստից էլ եւ ոչ հարգելի), Ռուբեն Ռուբինյան (մեկ նիստից եւ հարգելի), Վահե Էնֆիաջյան (մեկ նիստից եւ ոչ հարգելի), Էդմոն Մարուքյան (մեկ նիստից եւ հարգելի):
Ի տարբերություն նոյեմբերի` հոկտեմբեր ամսվա ընթացքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացականեր չի ունեցել: Նոյեմբեր ամսվա ընթացքում նիստից բացականեր չի ունեցել, օրինակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Իսկ, ահա, մյուս հանձնաժողովների նախագահները վաղուց չեն ներկայացրել բացակաների ցանկը` արդեն մի քանի ամիս:
Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքում այդ մասին տվյալներ չկան` ի տարբերություն մյուս հանձնաժողովների: Եվ հետաքրքիր է, որ բացակաների մասին տվյալներ չեն ներկայացրել նաեւ ակտիվ հանձնաժողովները, որոնք ամսվա մեջ մի քանի նիստ են գումարում: