ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագաչափ սարքերը կոտրած տղամարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստավեց, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։

Մի դեպքում դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները դեպքերից ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Կասկածվողը նույն օրը իր բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա խոստովանել է, որ ինքն է երկաթե մահակով կոտրել Արշակունյաց պողոտայի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների արագաչափ սարքերի ապակիները։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ընկերությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս