Երեկ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ էր: Քննարկվում էր ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Իմքայլականները փորձում էին հանձնաժողովի անդամներին համոզել խմբի ստեղծման համար, սակայն, կարելի է ասել, իրենք էլ դեռեւս չէին պատկերացնում, թե այդ խումբն ինչով է զբաղվելու, ինչից է սկսելու ու ուր կամ ինչի է հասնելու:
Աշխատանքային խումբը ստեղծվեց, այն կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Եւ այսպես, նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր, ցավոք սրտի, ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է նաեւ ռեալ կյանք. ի՞նչ մեթոդներով է հնարավոր այն կարգավորել: ԵԽԽՎ-ն երկու տարի է` փորձում է սոցիալական մեդիայում ատելության խոսքի կարգավորման օրենսդրական ուղիներ փնտրել, որովհետեւ Եվրոպայում եւս այսօր դա լրջագույն խնդիր է»:
Հիմնական զեկուցող Սարգիս Խանդանյանը նշեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որտեղ ընդգրկված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգրավելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին եւ կառավարության ներկայացուցիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե որոշում է եղել, որ աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, քանի որ վերջինս այս ամենի նախաձեռնողն է եղել: Բայց քանի որ անցած քննարկումների ժամանակ Մ. Կարապետյանը հանձնաժողովում այդքան էլ չընդունվեց, որոշվել է այդ ամենը վստահել Սարգիս Խանդանյանին, քանի որ նրա նկատմամբ վստահությունն այս հարցում ավելի շատ է:
Հանձնաժողովի անդամները հարց էին բարձրացնում, թե ինչից է սկսելու հանձնաժողովն իր աշխատանքները, ինչ է անելու, ինչպես է մեխանիզմները ներկայացնելու, սակայն քար լռություն. այդ հարցում դեռեւս հստակեցում չկա: Իմքայլական Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանն էին միայն այն պատգամավորները, ովքեր ոգեւորված էին, իսկ մյուսները միայն տարակուսանք էին հայտնում, որ այս ամենը կարող է արդյունք ունենալ: Ի վերջո, որոշվեց ունենալ նման աշխատանքային խումբ, բայց թե ինչ արդյունք կարձանագրվի առաջիկայում, շատ դժվար է ասել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ