Ամուսնության անակնկալ առաջարկ` բեմում. Տյոմը հաճելիորեն շոկի է ենթարկել սիրելիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ երգիչներ Արտյոմ Հակոբյանը (Տյոմ) եւ Էմմա Հովհաննիսյանը նշանադրվել են: Վերջինիս ծննդյան օրը Տյոմն անակնկալ է մատուցել ՝ ամուսնության առաջարկ անելով նրան: Երգչուհին էլ սիրով ընդունել է այն: Իրենց սիրավեպի, նշանդրեքի արարողության, առաջիկա ծրագրերի մասին Տյոմը պատմել է «Ժողովուրդ» օրաթերթին: Տյոմը պատմել է, որ Էմմայի հետ իրենք սկզբում եղել են պարզապես ընկերներ եւ հետո միայն հասկացել են, որ ավելին են, քան ընկերներ… Նա նշել է, որ նշանդրեքի ավանդական արարողությունն իր սրտով չէ, ուստի նախընտրել է ամուսնության օրիգինալ առաջարկություն անել ընտրյալին:

-Տյո՛մ, նախ պատմեք Ձեր սիրավեպի մասին, ինչպե՞ս է այն սկսվել, արդեն որքա՞ն ժամանակ է՝ Դուք եւ Էմման միասին եք:

-Մեզ միացնողը երգն է եղել: Մենք աշխատել եւ աշխատում ենք միասին ակումբում, սկզբում զուտ ընկերական հարաբերություններ ունեինք, բայց հետո հասկացանք, որ եկել է սիրելու պահը (ծիծաղում է): Մեր հարաբերությունները կարծես ինքնիրեն զարգացան: Արդեն երրորդ տարին է՝ միմյանց ճանաչում ենք, եւ մեկուկես տարի է՝ սիրավեպ ունենք:

-Գիտենք, որ նշանադրություն, որպես այդպիսին, պլանավորված չէր: Ինչպե՞ս առաջարկություն արեցիք Ձեր ընտրյալին: Երեւի նա շոկի մեջ էր, այո՞:

-Այո, Էմման առհասարակ չէր սպասում նման բանի: Ակումբի բեմից հանկարծ լսեց մի երգ, որը չպետք է հնչեր, ծրագրում չկար: Իր համար էլ էր զարմանալի: Մինչ այդ մենք թաքուն փորձեր էինք արել, երգը պատրաստել էինք: Բայց Էմմային թվում էր, թե ես այդ երգով պարզապես իր ծնունդն եմ շնորհավորում, չէր պատկերացնում, որ նշանդրեք էլ կլինի: Երգը կատարելիս ես շնորհավորեցի իր ծնունդը եւ ասացի, որ նվերը մեծ է, աշխատողները պետք է բարձրացնեն բեմ մի պայմանով, որ նրա աչքերը պետք է փակենք: Եվ երբ նրա աչքերը փակեցինք, մատանին հանեցի, լույսերն անջատեցին, պտվվեց, աչքերը բացեց ու տեսավ մատանին… Ամբողջ դահլիճը հուզվել էր, անգամ անծանոթ մարդիկ ակամայից դարձան մեր նշանադրության հյուրերը: Բոլորը շամպայն պատվիրեցին, շնորհավորեցին, գեղեցիկ պահ ստացվեց:

-Թերեւս այդպես ավելի օրիգինալ է, քան սինիներով հարսնացուի տուն գնալը, ֆուրշետի սեղան գցելը…

-Այո, ես հենց նման ֆորմատի կողմնակիցն եմ: Չեմ սիրում նշանդրեքի ավանդական արարողությունը, ուստի նախընտրեցի այլ մոտեցում: Ի դեպ, Էմման մի առիթով խնդրել էր ինձ, որ ամուսնության առաջարկությունը հետաքրքիր կերպով անեմ, որպեսզի մեծ անակնկալ լինի, բայց ես ասել էի, որ ոչ մի անակնկալ էլ չի լինելու: Այնպես որ, ընտրյալս ինձնից նման բան չէր սպասում:

-Միասին կերգե՞ք: Նման պլաններ կազմու՞մ եք: Կարիերայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Կարելի է ասել, մենք արդեն իսկ միասին ենք երգում նույն ակումբում: Էմման շատ լավ երգչուհի է, եւ ափսոս կլինի, եթե չօգտագործի իր ներուժը: Կփորձենք հանդես գալ ե՛ւ միասին, ե՛ւ առանձին:

-Ամուսնություն պլանավորու՞մ եք արդեն: Թերեւս դրան սպասենք արդեն հաջորդ տարի…

-Չեմ սիրում որեւէ բան պլանավորել: Ամեն բան իր ժամանակն ունի: Հարսանիքին արդեն շատ հյուրեր հրավիրված կլինեն: Հաստատ սպոնտան չեմ անի հարսանիքս (ծիծաղում է), բայց մոտ ժամանակներում հաստատ չենք ամուսնանա:

-Ամանորը որտե՞ղ կանցկացնեք եւ ու՞մ հետ:

-Այս տարի շատ եմ երկրից բացակայել, ուստի որոշեցի Ամանորին երկրում մնալ, բայց միասին աշխատանքի վայրում ենք լինելու: Արդեն տասը տարի է՝ Նոր տարին տնեցիների հետ չեմ նշում, աշխատում եմ: Այս տարի Նոր տարին ավելի հետաքրքիր կանցնի, այն կդիմավորենք արդեն որպես նշանածներ:

-Եվ վերջում` նոր երգեր, տեսահոլովակներ Ձեզնից սպասե՞նք:

-Գոռ Սուջյանի հեղինակած երգի հիման վրա հաջորդ տարի կներկայացնեմ նոր տեսահոլովակ: 2020-ի փետրվարից կանցնեմ բուռն աշխատանքների, որպեսզի ժողովուրդը չմոռանա ինձ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս