Լսումներ ԱԺ-ում, իսկ օրենսդիրների համար արձակուրդային մեկնարկի սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս դեկտեմբերի չորսին գրել էր, որ իմքայլականները նման լսումներ են ցանկանում իրականացնել, որտեղ առանցքային թեման լինելու է այն, որ չնայած իշխանափոխությանը` կրթական համակարգում դեռեւս շարունակում են ՀՀԿ-ՕԵԿ ներկայացուցիչները ղեկավարել կրթական հաստատությունները: Իշխանությունները փորձում են ազատվել նրանցից ու ԱԺ ամբիոնից հայտարարել, որ իրենք ոչ լեգալ գործունեություն են իրականացնում:

Եւ այսպես, լսումների ընթացքում ակնկալվում է քննարկում ծավալել հետեւյալ թեմատիկ ուղղություններով՝ ՀՀ կրթության համակարգի առկա արդյունքների գնահատումն ու հետեւությունները, հաջողված, ձախողված եւ առկախ կրթական բարեփոխումներն ու քաղաքականացվածության հետեւանքները, կրթության իրավունքի հավասարության, մատչելիության եւ ներառականության ապահովումը՝ որպես սոցիալական արդարության իրականացման նախապայման, բարեվարքության ապահովումը՝ որպես որակյալ կրթության երաշխիք, բարձրագույն կրթության կառավարման հաշվետվողականության համակարգերի արդյունավետության ապահովման առաջիկա գործողությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանականներին հորդորել են ներկա գտնվել լսումներին ու իրենց դիրքորոշումը ներկայացնել կրթական համակարգում կատարվող իրադարձությունների հետ կապված: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ հույսով սպասում են, որ սա խորհրդարանում իրենց վերջին հավաքն է լինելու, քանի որ վերջիններս մեծ ցանկություն ունեն մեկնելու արձակուրդ:

Բայց դեռեւս վաղ է ասել, որ խորհրդարանն այսպիսիով կավարտի իր աշխատանքները, քանի որ հնարավոր է հայրենի կառավարությունը եւս մեկ արտահերթ նիստ գումարի, որից հետո միայն հայրենի օրենսդիրները կկարողանան գնալ իրենց համար այդքան սպասելի արձակուրդի:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս