ՀԱՐՑ. Մաքսային պահեստում «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների պահպանության դեպքում հնարավո՞ր է արդյոք օգտագործել ապրանքները:
Իռեն Հարությունյան (43 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթների համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հետ կատարել դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում` տեսազննել եւ չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանության վայրի տարածքում պայմանով, որ այդ գործողությունները չեն հանգեցնի ապրանքների վիճակի փոփոխության, դրանց փաթեթվածքի եւ նույնականացման միջոցների վնասման:
Մաքսային մարմնի թույլտվությամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հետ կարող են կատարվել հավաքման պարզ գործողություններ, ինչպես նաեւ գործողություններ` կապված փորձանմուշների եւ նմուշների ընտրության հետ, ապրանքները վաճառքի եւ տրանսպորտային փոխադրման համար պատրաստման հետ` ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքային տեսքի բարելավման հետ կապված գործողությունները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել մինչեւ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները օրենսգրքով նախատեսված կարգով եւ պայմաններով որեւէ այլ մաքսային ընթացակարգով ձեւակերպելու միջոցով` բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: