ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԷԼԻ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, կարծես թե, արդեն սկսում է ակնհայտ դառնալ այն անհանդուժող մթնոլորտը, որն առկա է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական խմբակցությունում «արշալույսները խաղաղ չեն», ու ավելին` այն պատգամավորները, որոնք ունեն իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, համարվում են խմբակցության «դավաճանները»: Ու իմքայլականների խմբակցության վերջին նիստի ժամանակ որոշվել էր «լռեցնել» այդ պատգամավորներին ու հասնել նրան, որ հրաժարվեն մանդատներից:

Եւ, ահա, նախօրեին անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը` նշելով, թե ինքը որոշում է կայացրել իր պատգամավորական մանդատը վայր դնել: «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,-հայտարարեց պատգամավորը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորների հետ` պարզելու համար, թե ինչու նման անակնկալ որոշում կայացրեց Առաքելյանը: Իմքայլականները մասնավոր զրույցներում նշում էին, որ իրենց համար եւս անհասկանալի է նրա կայացրած որոշումը` հավելելով, թե իրենք էլ են փորձել պարզել Է. Առաքելյանից` ինչու նման որոշում կայացրեց. վերջինս նշել է, թե անձնական խնդիր է: Ավելին, ըստ իմքայլականների` մանդատից հրաժարվելու պրոցեսը կարող է շարունակական լինել, քանի որ խմբակցությունում կան պատգամավորներ որոնք, կարծես թե, իրենց համար արդեն նման որոշում կայացրել են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հետ, որը, կարելի է ասել, իշխանական բոլոր քննարկումներին ներկա է, խմբակցության բոլոր նիստերին՝ ակտիվ: Փորձել ենք պարզել, թե ինչ իրավիճակ է իշխանական խմբակցությունում, ու թե ինչու նման որոշում կայացրեց իրենց գործընկերը:
-Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչ է կատարվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, արդյոք տարաձայնություններ ու տարակարծություն կա՞ իշխանությունների ներսում: Ինչո՞ւ է լարվել խմբակցությունում աշխատանքային մթնոլորտը:
-Ես կարծում եմ, որ մեր խմբակցությունում ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գործում է բազմակարծությունը, չգիտեմ` մարդիկ ինչու են կարծիքներում որոշակի տարբերակումը կամ տարբեր կարծիքների առկայությունը որակում որպես տարակարծություն, բայց ինձ համար հենց ժողովրդավարությունը բազմակարծությունն է: Կարծիքները` տարբեր պրոցեսների վերաբերյալ, կարող են լինել տարբեր, ու այդտեղ են կայանում հենց իրական լուծումները, ու դա ժողովրդավարության կայացման կարեւորագույն կոմպոնենտներից մեկն է: Սա` իմ կարծիքով:
-Բայց, ըստ տեղեկությունների, խմբակցությունում որոշում կա, որ եթե պատգամավորների կարծիքները տարբերվում են մեծամասնությունից, իրենք պետք է միանան մեծամասնությանը, ավելին` նշվում է, որ պահանջ կա հրաժարվելու պատգամավորական մանդատից:
-Բնականաբար խմբակցությունում նման բան չկա: Այն քաղաքական ուժը, քաղաքական թիմը, որն այսօր ձեւավորվել է, հենց բազմակարծության հիման վրա է ձեւավորվել` ժողովրդավարության ֆոնին: Ու ինչպե՞ս կարող են մարդիկ իրենց ունեցած կարծիքների պատճառով ճնշվել, երբ որ մենք ինքներս պայքարել ենք հենց այդ այլակարծության ու բազմակարծության համար: Ուղղակի նման բան չի կարող լինել:
-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշում կայացրեց հրաժարվել պատգամավորական մանդատից: Վերջինս, կարծես թե, սկսել էր շատ սուր դիրքորոշում արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ:
-Ես կարծում եմ, որ ինքն իր պատճառների մասին հայտնել է, որը ես հարգում եմ: Էդգար Առաքելյանն արդեն իր հայտարարությունում շեշտել է, որ իր վրա ընդհանրապես որեւէ ճնշում չի եղել, ու բնական է, որ չէր էլ կարող լինել որեւէ անդամի վրա: Դա բացառվում է, մեր քաղաքական ուժի տրամաբանությունում ճնշում գործադրելը բացառվում է: Ես շեշտեմ, որ ես հպարտանում եմ, որ նման քաղաքական թիմի անդամ եմ, որտեղ մարդիկ ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումները ու փորձում են գտնել լուծումները միասին: Կրկնում եմ` մենք ինքներս ենք ճնշումների դեմ պայքարել, ու բնական է` երբեւիցէ թույլ չենք տալու, որ մեր մեջ նման խնդիրներ առաջանան: Դա տրամաբանությանը հակասող երեւույթ է, դա բացառված է մեր քաղաքական թիմի ներսում:
-Կարծես թե պառակտում կա խմբակցության ներսում, պատգամավորները թիմերի են բաժանված: Ինչո՞ւ:
-Ես անձամբ որեւէ պառակտման էլեմենտներ չեմ տեսնում, ես տեսնում եմ քաղաքական նորմալ գործընթացներ, ես տեսնում եմ, որ մարդիկ ունեն կարծիքներ, որոնք առաջին հայացքից կարող են տարբերվել, բայց դա դարձնել պառակտման թեմա, դա աժիոտաժ ու լրացուցիչ լարվածություն չի կարող առաջացնել: Սա բնական քաղաքական, աշխատանքային գործընթաց է, ու հենց այդպես էլ պետք է լիներ: Ես այդ քաղաքական թիմի մի մասն եմ ու ստանձնել եմ անցնելու այն ճանապարհը, որը ժողովուրդն է ընտրել:
-Ըստ Ձեզ` պատգամավորական մանդատներից հրաժարվելը Ձեր խմբակցությունում շարունակվելո՞ւ է:
-Ես չեմ կարող որեւէ մեկի անունից հանդես գալ, դա պայմանավորված է անձնական գործոններով:

 

 

 

ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ «ՖՈՒՐՈՐ» Է ԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ազգային Ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն այս օրերին լծվել է շատ կարեւոր մի գործի՝ պարզելու, թե խորհրդարանից ովքեր են համաձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ բերված Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:

Մեր տեղեկությունների համաձայն` օրերս Լիլիթ Մինասյանը գնացել է խորհրդարանի լրատվական վարչություն ու հայտարարել, թե ինքը Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համարձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Ավելին, վերջինս համարձակվել է հայտարարել, թե որեւէ մեկին չի ներելու, որեւէ մեկի համար միջնորդություն չի ընդունելու: Անգամ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն որեւէ հարցում չի կարող ասել ինչ կամ ինչպես: Լիլիթ Մինասյանը սպառնացել է` հայտարարելով, թե չի փրկվի այն անձը, որը նման քայլի է գնացել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից: Վերջինս հայտարարեց, թե իր մոտ խորհրդակցություն է, ու իրեն ուղղվելիք հարցերը արագ հնչեցնենք: Մեր հարցին, թե ինքը ԱԺ լրատվական վարչությունում հայտարարել է, որ ԱԱԾ-ն բացահայտելու է այն անձին, որը լուսանակարել է Ա. Բեգոյանին, Մինասյանն ասաց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»: Հարցին, թե պարզել է` ով է հանրայնացրել համացանցում լուսանկարը, մեր զրուցակիցն ասաց. «Դեռ ոչ, հույս ունեմ` կպարզվի»: Մեր դիտարկմանը, որ Արտակ Բեգոյանն իր «կադրն» է, ու ինքն է նրան խորհրդարան «բերել», հայտարարեց. «Բացարձակ որեւէ կապ չունեմ, Արտակն անցել է մրցույթով, ունի կրթություն սոցիալական մեդիայի մասնագետի ու այդ ոլորտում լավագույն մասնագետներից մեկն է: Ես 45 հոգու հարցազրույց եմ արել, ինքն անցել է մրցույթով»:
Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյանի մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է: Հուսով ենք` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կփորձի հասկանալ, թե ինչով են այս օրերին զբաղված իր աշխատակազմի ներկայացուցիչները:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՈՐԴԻՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվեց Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարեւան Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեեւ մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել:
Ըստ ամենայնի, հարեւանները ամեն դեպքում որոշել են հանդիպել ու ընդհանուր հայտարարի գալ: Մեզ հայտնի դարձավ, որ Խաչատուրովի պաշտպանները 2019թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից եւ խնդրել են կարճել քաղաքացիական գործի վարույթը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը հուլիսի 31-ին որոշում է կայացրել եւ կարճել գործը:

 

 

ՆՈՐ ՓԱԹԵԹ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի առողջապահության բնագավառի օրենսդրությունը բարեփոխող օրենսդրական փաթեթ: 2020 թվականին առողջապահության բնագավառին նախատեսվում է հատկացնել 107 միլիարդ դրամ: Հանրային առողջության պահպանման ծրագրի իրականացման համար նախատեսվել է 5 միլիարդ 700 միլիոն դրամ: Դեղապահովման ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 250 միլիոն դրամ: Ավելացել են մի շարք ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցները: Կներդրվի պոլիկլինիկական երեկոյան կանչի համակարգ: Կանչերը կիրականացվեն ոչ ծախսատար փոքր մեքենաներով: Նպատակն է բեռնաթափել շտապբուժօգնության աշխատանքը:




Լրահոս