«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երկուշաբթի օրը` դեկտեմբերի 23-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է հրավիրված: Մեր տեղեկություններով` նիստին մասնակցելու է նաեւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովը քննարկելու է «Կրթության մասին» օրենքը, ու նաեւ օրակարգում լինելու է համընդհանուր ներառական կրթության անցման հետ օրենսդրական մոնիտորինգի զեկույցը:
Իմքայլականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ հանձնաժողովի նիստը շատ թեժ է լինելու, քանի որ կրթության համակարգի հետ կապված լուրջ քննարկումներ են լինելու: Մեր տեղեկություններով` Աժ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են հարցեր ուղղել նախարար Արայիկ Հարությունյանին ու պարզել, թե կրթական համակարգում երբ են հստակ փոփոխություններ կատարվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն էլ այս օրերին քննարկում է կրկին նիստ անցկացնելու հարցը: Մեր տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի անդամները քննարկում են կա՛մ դեկտեմբերի 25-ին, կա՛մ 30-ին նիստ անցկացնել, որի ժամանակ, կարելի է ասել, հանձնաժողովականները պետք է ամփոփեն այն աշխատանքը, որն իրականացվել է այս վերջինօրերին:
Մեր տեղեկություններով` ԱԺ` Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն էլ առաջիկա օրերին պատրաստվում է ամփոփել իր կատարած աշխատանքները: Այսինքն` առաջիկա շաբաթը եւս օրենսդիրները ակտիվ աշխատելու են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ