Armenian text to speach

Խորհուրդ է տալիս «կասկով» մտնել ժողովրդի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները շատ լավ են աշխատում, ու ընդդիմության գործը իրենց քննադատելն է, որն էլ նրանք իրականացնում են: Իշխանական պատգամավորի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել ու իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք: «Այն, ինչը որ իրենք այսօր անում են, դա ցանկացած հայ ընտանիք… եւ իրենց պահվածքը շատ օրինակելի է, ու շատ կուզենամ, որ բոլոր ընտանիքներն էլ այդ նույն պահվածքը օրինակ դարձնեն: Մարդիկ շատ ավանդական ձեւով ապրում են, մարդիկ իրենց ոչ մի ավելորդություն թույլ չեն տալիս»,-վստահորեն հայտարարեց իմքայլականը:

-Պարո՛ն Ասատրյան, Դուք Արագածոտնի մարզի Քուչակ համայնքից եք, որտեղից էլ Դուք ընտրվել եք պատգամավոր: Ի՞նչ եք այս մեկ տարվա ընթացքում արել Ձեր համայնքի համար, արդյոք այն առաքելությունը, որով եկել էիք խորհրդարան, կարողացե՞լ եք իրականացնել:

-Մարզում ու շատ հաճախ նաեւ լինում եմ գյուղերում, իմ հանդիպումները շատ է ժողովրդի հետ, ու այն մտահոգությունները, որոնք ունեն ժողովուրդը, կապված չէ օրենսդրության հետ, այլ համանքներում ինչ-ինչ խնդիրների լուծման, դրանց բարձրաձայնմանն է վերաբերում: Օրինակ` խմելու ջրի հետ կապված խնդիր կա, ճանապարհների հետ կապված, դպրոցների ու մանկապարտեզների: Շատ բաներ լուծվել են, 2019 թվականը բավականին հագեցած տարի էր: Ես գոհ եմ ու վստահ եմ, որ այս տեմպով շարունակվի, մենք մոտ ապագայում կունենանք այն Հայաստանը, որի մասին երազել ենք:

-Բայց, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, իշխանությունը շատ դանդաղ է աշխատում, ու, կարելի է ասել, անգործության են մատնված իշխանությունները: Ընդդիմությունը բուռն քննադատության է ենթարկում Ձեր կատարած քայլերը:

-Ընդդիմության գործը քննադատելն է եւ ուրիշ ոչինչ: Երբ մեզ մեղադրում են չխոսելու համար, ես` որպես իշխանական պատգամավոր, պատկերացնում եմ` իմ անելիքը աշխատելն է ու ոչ թե խոսելը: Դրա համար ամեն մարդ իր գործն է անում. ընդդիմությունը պետք է խոսա, իսկ իշխանությունն էլ պետք է աշխատի: Ես ճիշտ չեմ համարում, որ իշխանությունը հելնի ընդդիմության պես խոսի, մենք ենք իշխանությունը եւ մենք պետք է աշխատենք: Ես ո՞ւմ եմ բողոքելու, ես ինչ խնդիր տեսնում եմ, համապատասխան մարմիններին դիմում եմ, հիմա պետության ունեցած հնարավորության սահմաններում այդ հարցը լուծվում է կամ մոտ ապագայում կլուծվի:

-Կառավարության հետ Ձեր աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում, քանի որ, ըստ տեղեկությունների, գործադիրն ականջալուր չի լինում օրենսդիրների բարձրացրած հարցերին:

-Շատ լավ ենք աշխատում. ես ճանապարհների հարցերով եմ դիմել, եղել է, որ շուտափույթ լուծում է տրվել, եղել է, որ ժամանակ է պահանջվել, դա արվել է այդ ժամանակահատվածում: Բյուջեում նախատեսված են ծախսեր, որոնք արդեն նախատեսված են 2020 թվականին, որոնք կիրականացնենք եկող տարի: Մենք արդյունավետ աշխատում ենք:

-Վերջին օրերին ակտիվ քննադատության է ենթարկվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, նրանց կատարած ծախսերը, ու, ըստ քննադատողների, վարչապետի ընտանիքը շռայլ ծախսեր է իրեն թույլ տալիս, բուռն քննադատվեց նաեւ վարչապետի դստեր համար մեքենա գնելը պետության հաշվին: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, կարծո՞ւմ եք, որ իշխանության առաջնորդի ընտանիքը սկսել է շատ ծախսեր անել:

-Եթե մեր ժողովուրդը սրանից մեկ տարի հետ գնար ու հասկանար` շռայլությունը որն է, ապա կհասկանան, որ ուղղակի այսօր մարդիկ պարապ են մնացել ու այնպիսի հայտարարություններ են անում, որն իրականության հետ որեւէ կապ չունի: Ես շատ վատ եմ նայում նրան, որ մարդիկ քիթները խոթում են մարդկանց ընտանեկան հարցերում: Այն, ինչը որ իրենք այսօր անում են, դա ցանկացած հայ ընտանիք… եւ իրենց պահվածքը շատ օրինակելի է, ու շատ կուզենամ, որ բոլոր ընտանիքներն էլ այդ նույն պահվածքը օրինակ դարձնեն: Մարդիկ շատ ավանդական ձեւով ապրում են, մարդիկ իրենց ոչ մի ավելորդություն թույլ չեն տալիս: Բա ընտանիքի վրա պետք է ծախսեն, բա մարդիկ աշխատում են, իրենց ունեցած գումարները ինչի՞ վրա պետք է ծախսեին, եթե ոչ ընտանիքի:

-«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը պահանջել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամներին արգելի խոսել քաղաքականությունից, բանակից, ու իրենց դիրքորոշումն ընդհանրապես չներկայացնեն հանրությանը: Դուք կիսո՞ւմ եք ընդդիմադիրի այդ դիրքորոշումը:

-Ես Արթուր Ղազինյանին չեմ ճանաչում, չգիտեմ` ինքն ով է, բայց այն, ինչը անում է, Աննա Հակոբյանն է անում… Հիմնադրամն է ղեկավարում, ըստ հիմնադրամի կանոնակարգի` գուցե ինքն իրավունք ունի զբաղվել դրանով, իրենք են որոշում` հիմնադրամը ինչպես պետք է աշխատի, ում պետք է աջակցի, ինչի չէ, նաեւ բանակին: Հետեւողականորեն քննադատում են, որը անհասկանալի է:

-Ըստ Ձեզ` ովքե՞ր են այն անձինք, որոնք հետեւողականորեն քննադատում են վարչապետի ընտանիքին:

-Ովքեր հին ռեժիմից մնացած աբիժնիկներ են, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից դժգոհում են, որովհետեւ իրենք պաշտոն չունեն: Ես այսպես եմ հասկանում` այսօր ովքեր պաշտոն են ուզում, եւ քիթները չի հասնում դրան, բնականաբար դառնում են ընդդիմություն, դառնում են քննադատողներ: Եթե իշխանությունը ձախողի, ուրեմն երկիրն է տուժելու, դրա համար խորհուրդ կտամ այն ընդդիմադիր ուժերին, ովքեր իրենց ընդդիմություն են համարում, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, նրանց խորհուրդ կտամ գան կառուցողական դաշտ: Իրենց թվում է` դա դուր է գալիս ժողովրդին, բայց այդ նույն մարդկանց խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան. ժողովուրդն իրենց սպասում է չարացած:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս