«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է եղել: ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտնեց. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել է, արտառոց ոչինչ չի եղել, այսպես ասեմ: Գիտեք` ինչն է ինձ համար զավեշտալի, որ, կարծես թե, կան առանձին սաբոտաժնիկներ (կներեք այդ բառիս ռուսերեն արտաբերման համար, բայց բնորոշիչ է հնչում), որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»: «Ոչ մեկի մարդը չեմ եղել, մութ գործարքներում չեմ ներքաշվել՝ արատավորելով անունս»,- տարեկան ամփոփիչն այսպես սկսեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։
Նա ներկայացրեց մինչ այս քրեակատարողական հիմնարկներում առկա վատթար բարքերը, որոնց դեմ պայքար են տանում. «Բանտում մարմնավաճառի ծառայություն մատուցելու դրույքաչափը եղել է 300-ից 1000 դոլարի սահմանում։ Հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավել կարճատեւ տեսակցության համար դրույքաչափ է սահմանված եղել 100 ԱՄՆ դոլար, երկարատեւը՝ 300 դոլար։ Գումարներ են նշանակվել տույժ չնշանակելու համար։
Քերական ենթամշակույթ կրող անձանց համար բացահայտ ապահովված են եղել սննդի, տեղաշարժի, հանգստի լավագույն պայմաններ, վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել։ Այդ ամենը անցյալ է, ոչ մեկ հույս պիտի չփայփայի, որ կարող է վերադարձ լինել անցյալին»:
«Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ զրուցեց Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ահազանգի վերաբերյալ:
-Պարո՛ն Գոյունյան, նախ` Քրեակատարողական ծառայության 100-ամյակին ներկա չէին Քրեակատարողական ծառայության նախկին պետերը: Ինչո՞ւ չէիք հրավիրել, գուցե նրա՞նք էին արհամարհել:
-Հրավեր չի ուղարկվել, պայմանավորված է եղել ըստ նպատակահարմարության, եւ չեմ մեկնաբանում:
-100-ամյակի միջոցառմանը եղան պարգեւատրումներ, սակայն նկատենք, որ միջոցառումից հետո Քրեակատարողական ծառայության աշխատակիցները սրտնեղած են եղել եւ նման կարծիք են հայտնել` ինչպես է լինում, որ 2 ամսվա հիմնարկի պետերը գերազանց ծառայության համար պարգեւատրվում են այն դեպքում, որ մինչ այդ երբեւէ այդ համակարգի հետ կապ ընդհանրապես չեն ունեցել: Ունեցե՞լ եք այդպիսի պետեր, եւ ի՞նչ կասեք հենց այս մտահոգության մասին:
– Ունեցել ենք, եւ այդ պետերը պատահական մարդիկ չեն, այդ պետերը ճանապարհ անցած մարդիկ են, եւ պետերի ընտրության հնարավորությունը եղել է իմը, եւ ես անվերապահորեն վստահում եմ նրանց: Կարծում եմ` ինչպես ես, այնպես էլ իրենք իրենց տեղամասերում ուրույն առաքելություն ունեն իրականացնելու եւ թեկուզ կարճ ժամանակահատվածում եղել են պետեր , որոնք գրանցել են շոշափելի հաջողություններ եւ հաջողությունների համար ներկայացվել են խրախուսանքների: Որեւէ պատահական մարդ չկա. որեւէ անտեղի խրախուսում չի եղել:
-Ձեր բաժնի պետերից Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ եղել է աղմկոտ միջադեպ, Ձեր տեղակալը վիրավորել է բաժնի պետին, վերջինս այս պահին արձակուրդում է: Ինչո՞ւ չեք ընդունել Ձեր աշխատողին միջադեպից հետո, որպեսզի հասկանաք, թե ինչ է կատարվում ծառայության ներսում:
-Միգուցե եղել է տղայական խոսակցություն: Ես չեմ կարեւորել, որպեսզի հրավիրեմ եւ լսեմ: Ես յուրաքանչյուրի մասին, յուրաքանչյուրի հնարավորությունների եւ ունակությունների մասին արել եմ որոշակի դիտարկումներ, պաշտոնապես հայտարարում եմ եւ ասում եմ, որ ինձ հետ համակարգում պետք է աշխատեն, ղեկավար պաշտոններ պետք է ստանձնեն այնպիսի մարդիկ, որոնք ունակ են իրականացնել բարեփոխումներ, որ կաշկանդված չեն անցյալով, որոնք կարող են իրականացնել թիմային աշխատանք:
Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել, այսպես ասեմ:
Գիտեք` ինչն է ինձ համար զավեշտալի, որ, կարծես թե, կան առանձին սաբոտաժնիկներ (կներեք այդ բառիս ռուսերեն արտաբերման համար, բայց բնորոշիչ է հնչում), որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել:
-Հիմա ծառայության ներսում կա՞ն այդպիսի մարդիկ:
-Նույնիսկ հաջողություններից վատ են զգում, էլ չեմ ասում, որ չեն ցանկանում նպաստել դրան: Ցավոք սրտի, այդպիսիք կան, բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, եւ այդպիսի մարդկանցից կամաց-կամաց համակարգը ազատվում է:
-Ծառայության պետի նախկին տեղակալներ Արսեն Համբարձումյանն ու Արսեն Աֆրիկյանը ԱՆ-ին դատի են տվել, իրենց աշխատանքից ազատելու հիմքերն են վիճարկում: Եթե դատարանը նրանց վերականգնելու վճիռ կայացնի, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ Ձեր աշխատանքը:
-Թող դատարանը որոշի, ես չեմ որոշելու` իրենց հետ աշխատեմ, թե ոչ: Եթե ընձեռվի նման հնարավորություն` օրենքով նախատեսված կարգով, ես որեւիցե մեկի դեմ որեւէ ասելու բան չունեմ: Բայց կարծում եմ` եթե դատարանը որոշում կայացրեց համապատասխան, դա վերաբերելու է չվճարված աշխատավարձերին, քանի որ իրավիճակ է փոխվել, եւ նշանակումը, որ եղել է իմ մասով եւ, օրենքով նախատեսված կարգով, մեկ ամսվա ընթացքում հնարավորություն է ընձեռվել, որ ես հաստատման ներկայացնեմ տեղակալների թեկնածությունները, եւ այդ մարդիկ, օրենքով նախատեսված կարգով, նշանակվել են եւ աշխատում են ծառայության պետի տեղակալներ:
Կներեք, ես չեմ պատկերացնում, թե այդ որ հանգամանքների դեպքում իրենք պետք է վերանշանակվեն, իրավական տեսանկյունից ես դա անհնարին եմ համարում, քանի որ իմ տեղեկալները, որոնք հիմա աշխատում են պատշաճ եւ օրենքով նախատեսված են նշանակվել:
-Տեղեկություն ունենք, որ վերջերս` աշխատակիցների ատեստավորման ժամանակ, բողոքներ են եղել, որ ղեկավար կազմը նվաստացնում է իրենց ոլորտի հետ առնչություն չունեցող հարցերով, անգամ Ձեր տեղակալներից մեկը միջանցքում ատեստավորման մասնակիցներին շարել է պատի տակ ու, այսպես ասած, դասախոսություն կարդացել, նախատել չիմացության համար: Նորմա՞լ եք համարում այդ պրակտիկան:
-Աբսուրդի շարքից է. ասեմ, որ վերանայման պրոցեսում է նաեւ ատեստավորման ընթացակարգը: Նախկինում ատեստավորման ընթացքում բավական եղել են պրիմիտիվ հարցադրումներ, շատ պրիմիտիվ, եւ մշտապես այդ հարցադրումները եւ հարցաշարերը կրկնվել են, եւ բոլորը անգիր են արել ու եկել են այդ ատեստավորումները անցել են:
Ես չեմ ցանկանում, որ համակարգը դոփի տեղում, ես ցանկանում եմ, որ ամեն ծառայող իմանա իր իրավունքները եւ պարտականությունները, սովորի, գիրք կարդա, տեղեկացված լինի, իր վրա աշխատի, եւ վա՞տ է, որ մենք այդ առումով խստապահանջ ենք: Վերանայվելու են այդ չափորոշիչները, եւ այդ մարդիկ ատեստավորվելու են ժամանակակից, արդի պահանջների համապատասխան: Իսկ ինչ վերաբերում է այդ պատի տակ շարելուն, ապա աբսուրդի շարքից են. կան մարդիկ, ովքեր հարցերից դուրս հնչեցվող տարրական հարցերին չեն կարողանում պատասխանել, չեն պատկերացնում իրենց իրավունքները եւ պարտականությունները:
Վա՞տ է, որ մենք այդ ուղղությամբ նորարարություններ ենք անում:
– Խոսքը նվաստացման մասին է:
-Չկա նման բան. եթե մարդը իր իրավունքները եւ պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի, բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` այդ ուղեկցման պրոցեսում ինքը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, հարցադրումը հնչում է, ինքը գլուխը կախում է, բա դրանով ինքը նվաստանում է: Այլ մեթոդներով, նպատակներով որեւէ աշխատող նվաստացման չի ենթարկվել:
Քնար Մանուկյան