Դավիթ Խաժակյանը, իմ պատկերացմամբ, ապագա քաղաքապետ է կամ քաղաքապետի թեկնածու. ԼՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որհիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա եւ ելնելով մի շարք այլ հանգամանքներից` ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երեւանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության եւ ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը»: Ու, ըստ այդ հայտարարության, ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երեւանի ավագանիում՝ ի դեմս Երեւանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հետ` պարզելու համար, թե ինչու որոշում կայացվեց Դավիթ Խաժակյանին հետ չկանչել Երեւանի ավագանու անդամությունից:

-Պարո՛ն Բաբայան, արդեն հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշել է, որ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր մանդատը վայր չի դնելու: Ինչի՞ց ելնելով կառավարման խորհուրդը եկավ նման եզրակացության, ԼՀԿ-ն ընդամենը շոո՞ւ էր իրականացնում:

-Ամենեւին շոու չէ, դա քաղաքականություն էր, դա շոու չի: Ինչ նպատակ կար, այդ նպատակը իրականացվեց:

-Ի՞նչից եզրակացրեց խորհուրդը, որ Դավիթ Խաժակյանը պետք է շարունակի իր աշխատանքները ավագանիում:

-Ինձ թվում է` եզրակացությունը պետք է անեն այն մարդիկ, ովքեր որ այս քայլով… Քայլը նպատակ ուներ, ինքնանպատակ չկար, շոու չէր, իսկ քայլն էլ իր նպատակին ծառայեց, դրանից ավել բան չեմ ուզում ասել, որովհետեւ այստեղ մի քիչ ավել պետք է թողել, էն որ գրվում է ֆիլմի վերջում…

Ինձ թվում է` սա անավարտ պետք է մնա, մարդիկ իրենց դատողությունը թող անեն: Դավիթ Խաժակյանը շատ լավ է աշխատում, շատ լավ աշխատելու է, Դավիթ Խաժակյանը, իմ պատկերացմամբ, ապագա քաղաքապետ է կամ քաղաքապետի թեկնածու, իմ պատկերացմամբ: Դավիթ Խաժակյանը` որպես ընդդիմադիր գործիչ, նաեւ մեծ պահանջարկ ունի, հասարակության կողմից մեծ աջակցություն ունի, ու դա ինձ շատ ոգեւորում է:

-Այսինքն` Ձեր խմբակցության բոլոր պատգամավորները նույն կարծիքի՞ն են Խաժակյանի վերաբերյալ:

-Այո, բոլորը, ես կարծում եմ` բոլորը նաեւ կուսակցությունում: Ես կարծում եմ, որ Դավիթ Խաժակյանը կշարունակի իր ճիշտը պահելով աշխատել:

-Կարծես թե այս տարաձայնությունը սկսվեց «Լույս» խմբակցության երկու կանանց գործունեությունից: Ըստ տեղեկությունների` նրանց աշխատանքի, գործունեության ու հիմնական ելույթների հետ համամիտ չեն ԼՀԿ-ականները, ինչի համար էլ քննարկվել է Խաժակյանի` ավագանին լքելու հարցը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ խմբակցության երկու անդամները ստվերում են Ձեր անդամի աշխատանքը:

-Ես դրա մասին դատողություններ չեմ ուզում անել, նրանք մեր գործընկերներն են նույն դաշինքի շրջանակում ու կմնան մեր գործընկերները: «Լուսավոր Հայաստան»-ի աշխատանքը հասարակությունը տեսել է, գիտի, ու, կարծում եմ, հասարակության մոտ ինդետիֆիկացված չի, որ այնտեղ դաշինք է աշխատում, ու երկու կուսակցությունների միջեւ կնքված դաշինքի անունը «Լույս» է:

-Դա Ձեր կուսակցությանը, խմբակցությանը անհանգստացնո՞ւմ է, այսինքն` համակարծիք չե՞ք դաշինքի երկու ներկայացուցիչների աշխատանքների հետ:

-Դա Դուք եք ասում, ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է իրազեկված լինի, որ դաշինքի կազմում կա «Հանրապետություն» կուսակցություն եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ու դաշինքի անունը «Լույս» դաշինք է:

-Բայց այնպես չէ, որ ստիպողաբար է եղել այդ դաշինքը, այսինքն` գիտակցել եք` ում հետ եք ճանապարհ գնում, ու ովքեր են լինելու Ձեր թիմակիցները: Ինչո՞ւ նոր որոշեցիք խոսել ու հանրությանը ներկայացնել դաշինքի անդամներին:

-Դավիթ Խաժակյանին հետ կանչելու պատճառը ես այդպես չէի շարադրի, ես կշարադրեի, որ լրատվականները լուսաբանում են մի բան, որը այդքան էլ կարեւոր չէ, ու Խաժակյանի փաստարկները կոնկրետ քաղաքապետին կամ քաղաքային ավագանու մեծամասնությանը ուղղակի լրատվականների միջոցով քիչ է լուսաբանվում, քիչ է խոսվում, մինչդեռ պետք էր այդ առողջ քննադատությունը, առողջ մրցակցությունը, որն էլ կապահովի Դավիթ Խաժակյանը:

Հ.Գ. Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տարվա վերջին իր թիմակցի` Դավիթ Խաժակյանի միջոցով շոու արեց` հայտարարելով, թե իրենք Հայաստանում այն միակ ընդդիմադիր ուժն են, ովքեր աշխատում են իշխանությունների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս դեկտեմբերի 19-ին էր գրել, որ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր չի դնելու, ու ընդամենը այս ամենը ԼՀԿ-ի շոուն է:

Կարելի է ասել` այս շոուով լուսավորականները հանրությանը ներկայացրեցին, թե Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը միակն է, որ «գործ» է անում, ուղղակի իրեն քիչ են լուսաբանում: Անհասկանալի է նաեւ ԼՀԿ-ականների այն մեղադրանքները ԶԼՄ-ների նկատմամբ, թե իրենց անդամին քիչ են լուսաբանում: Գործ անելու փոխարեն, փաստորեն, բոլորը PR են անում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս