Նախարարը՝ ԱԺ-ում, պատգամավորները՝ դժգոհ. նիստի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում «Կրթության մասին» օրենքն է, որտեղ խնդրահարույց կետեր են տեսնում նաեւ իշխանական պատգամավորները:

Խորհրդարանում էր նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը, որին մի քանի ժամ շարունակ պատգամավորները հարցախեղդ արեցին:

Եւ այսպես, օրակարգում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերն էին:

Երեկ` նիստի ավարտից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի հետ` պարզելու համար, թե որոնք են հանձնաժողովականների եւ նախարարի տարաձայնությունները:

-Միջին մասնագիտական կրթության հետ կապված ԱԺ մեր երեք ֆրակցիաները համատեղ նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ընդունվել միջին մասնագիտական կոնկրետ ֆակուլտետ, սակայն սամանափակ էր, հնարավորություն տալ սովորել իրենց ուզած ֆակուլտետներում, թեկուզ վճարովի հիմունքներով, բայց մեր նախարարն ասում է, որ խնդիր կա, քանի որ ՀՀ-ում միջին մասնագիտական կրթությունը անվճար է:

-Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծման եկաք, որովհետեւ, կարծես թե, թեժ քննարկում էր, նույնիսկ նշվեց, որ նախարարի վրա ճնշում է գործադրվել պատգամավորների կողմից:

-Նախարարը բերեց իր արգումենտները, ի՞նչ ճնշումների մասին կարող է խոսք լինել: Մենք մեր տեսակետն ենք ներկայացրել, ինքը` իր փաստերը: Այլ բան չկա, ընդհանուր քննարկում էր` նախագծի հետ կապված:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս