ՀԱՐՑ. Գործատուն աշխատողի հիվանդության նպաստը ավել է հաշվարկել եւ վճարել աշխատողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու պատճառով: Ուզում եմ իմանալ՝ արդյոք տվյալ դեպքում գործատուն պետք է կատարի նպաստի հետպահում: Եթե այո, ապա ի՞նչ կարգով:
Կարինե Մալխասյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:
Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում՝ հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելուօրից 3 ամսից ոչ ուշ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: