Մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործից. մեղադրյալներից մեկը թարգմանչուհի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով ուշագրավ իրադարձություններ են ծավալվում:

Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն կմտնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ քննություն իրականացնելու։ Այսինքն՝ սլաքներն ուղղվում են դեպի նախարարություն: 2016-18թթ. սոցապնախարար է եղել Արտեմ Ասատրյանը, 2018թ. կարճ ժամանակահատված նախարար է եղել Մանե Թանդիլյանը:

Բայց մինչ այդ գործի հանգամանքներից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ մեղադրյալներից մեկը` կինը, թարգմանչուհի է: Նոյեմբերի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն:

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը` ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել է մանկատներ:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին (որի անունը չենք հրապարակում` անձնական տվյալների գաղտնիությամբ պայմանավորված), որին ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել: Ավելին, գրել էինք, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալել էր «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, որին ավելի ուշ ազատ արձակեցին: Նշենք, որ ձերբակալվածների մեջ էր փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, որը եւս 3 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց:

Նկատենք, որ գործով մեղադրյալներից որեւէ մեկը դեռեւս ցուցմունք չի տվել, եւ միայն հայտնում են, որ իրենք մեղավոր չեն: Ստացվում, որ դեռեւս գործով մեղադրյալներից ոչ մեկ չի խոստովանում արարքը, դեռ հարց է առաջանում` իրավապահները գործով ունեն բավարար ապացույցներ, թե ոչ: Եվ, ահա, այս պայմաններում մի մեծ «բոլոլա» են սարքել` հասարակության մոտ վախի մթնոլորտ ստեղծելով: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Իսկ թե ինչ կպարզեն նախարարությունում, ժամանակը ցույց կտա:

Նկատենք, որ նախաքննական մարմինը գաղտնի էր պահում գործով մեղադրյալներից մեկի ով լինելը: «Ժողովուրդ» օրաթերթին թաքնված մեղադրյալի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ձերբակալված, սակայն 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված անձը թարգմանչուհի է, որը բավականին ուշագրավ հանգամանքներում է հայտնվել այս պատմության մեջ: Մեզ հասած լուրերի համաձայն` մեղադրյալ թարգմանչուհուն է դիմել իր ընկերուհին եւ հայտնել, որ իտալահայ կա, որ ցանկանում է երեխա որդեգրել, կարող է արդյոք օգնել փաստաթղթերի թարգմանման հարցում:

Արդյունքում թարգմանչուհին ներգրավվել է վերոնշյալ գործընթացում, թարգմանել փաստաթղթեր, հետաքրքրվել, թե ինչ այլ փաստաթղթեր են հարկավոր որդեգրման համար, եւ օգնել, որ կոնկրետ մեկ իտալահայ մանկատնից որդեգրի երեխայի: նկատենք, որ թարգմանչուհին այդ իր կատարած աշխատանքի` փաստաթղթերի թարգմանությունների համար գումար է ստացել՝ մոտ 20.000 եվրո:

Սակայն նկատենք, որ այս գործով նախաքննական մարմինը այդքան էլ չի ապահովում հավասարությունը: Օրինակ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, որ սույն քրեական գործով մեղադրյալ է, 3 միլիոն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել, իսկ, ահա, նախաքննական մարմինը մեղադրյալ թարգմանչուհուն 20 միլիոն գրավի դիմաց է ազատ արձակել:

Իրավական ոլորտի ներկայացուցիչները այս հանագամանքը բավականին տարօրինակ են համարում եւ դեռ տարօրինակ են համարում այն, թե ինչու է թարգմանչուհուն մեղադրանք առաջադրվում երեխայի վաճառքի հատկանիշներով այն դեպքում, երբ թարգմանչուհին ընդամենը գործով փաստաթղթեր է թարգմանել: Իրավապաշտպաններից ոմանք կարծիք են հայտնել, որ նախաքննական մարմինը թարգմանչուհուն կարող էր մեղադրանք առաջադրել օժանդակելու, խարդախության, բայց ոչ երեխայի վաճառքի մասով, ինչը բավականին տարօրինակ է: Ստացվում է, որ որդեգրման քրեական գործով բավականին անհասկանալի իրադարձություններ են ծավալվում, որոնքխիստ կասկածներ են առաջ քաշում:

Քնար Մանուկյան




Լրահոս