ԳՈՐԾԸ ԹՈՂԱԾ` ՄԵՂԱՎՈՐՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի սրահը: Եվ տապալված ասուլիսից ժամեր անց Թորոսյանը վերջապես որոշեց խոսել եւ մեղադրել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթին` ասելով. «Իմ դեմ արշավն սկսվեց հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով: Եթե մոնիթորինգ անենք, երկու օրը մեկ իմ մասին հոդված էր գրվում»: Թե ինչ է հասկանում Թորոսյանը՝ արշավ ասելով, դժվար է հասկանալ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եղել եւ մնում է բոլոր այն նախարարների քննադատը, որոնք ունեն ոլորտում ձախողումներ: Եւ Թորոսյանը ո՛չ առաջին, ո՛չ էլ թերեւս վերջին առողջապահության նախարարը կլինի, որին քննադատում ենք եւ քննադատելու ենք, քանի դեռ քաղաքացին դժգոհ է առողջապահական ոլորտից, մատուցվող ծառայություններից ու մշակած քաղաքականությունից: Եւ զուր են նախարար Թորոսյանի ջանքերը՝ մեզ շանտաժի ճանապարհով լռեցնելու:
Ոլորտի անհաջողություններն ու պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում: Հատուկ Արսեն Թորոսյանի համար հայտարարում ենք` «Ժողովուրդ» օրաթերթին լռեցնել հնարավոր չէ: Հանգիստ նստե՛ք տեղներդ: Ու դրա փոխարեն լավ կլինի պարզաբանել` ինչու եք բժշկական կենտրոնների խորհուրդներում Ձեր մտերիմներին նշանակել, ինչու եք կրկնապատկել Ձեր կնոջ (նախկինում իր կողմից) ղեկավարած կենտրոնի պետպատվերը՝ դարձնելով 2,7 մլրդ դրամ, որը մատուցում է միայն ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ դրամի չի հասնում: Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա եք ազատվել բանակում ծառայելուց, եւ որքանո՞վ են օրինական դրանք: Թվարկումները շատ կարելի է անել, բայց դրանք՝ առաջիկայում:

 

 

 

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն եւ ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը: Եվ, ահա, վարչապետի աշխատակազմում երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել կառավարություն` անձամբ ծանոթանալու դրան: «Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը եւ ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջեւանցի է, եւ ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրեւ, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ եւ բազմափորձ զինվորական է եւ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել:

 

 

 

 

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Ու թեեւ այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարել էր, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է դուրս գան այդ տարածքից, սակայն Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց` 47 աշակերտ ունեցող դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են: Ներկայումս դպրոցականները դասերն անցկացնում են Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, որտեղ դասասենյակներ են ձեւավորվել:

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆՆԵՐ
Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական կուլտուրայի բացակայության դրսեւորումներ մշտապես նկատվում են: Տարիներ ի վեր բախվել ենք այդ ճշմարտությանը ու, կարծես թե, երբեք դասեր չենք քաղել: Իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ համարող մարդիկ անկարեւոր են համարում էթիկայի պահպանումը՝ տուրք տալով էմոցիաներին ու ընտրություն չկատարելով բառերի մեջ. շաղ են տալիս այն, ինչ առաջին պահին գալիս է մտքներին: Երեկ, օրինակ, անցանկալի էր տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ դահլիճում նստածների փոխադարձ հարձակումները: Առավել զզվելի էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից կանանցից մեկը քոչարյանական մեկ այլ ագրեսիվ կնոջ սպառնաց «երշիկը կկոխեմ հետեւդ» արտահայտությամբ: Կամ Քոչարյանին սատարող տղամարդկանցից մեկը վիճում էր կնոջ հետ ու սպառնում նրան` «եկա էդտեղ…»: Համաձայնեք` անցանկալի տեսարան է:
Երեկ մեկ այլ անցանկալի տեսարան էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին անակնկալ ներկայացած բժշկի նկատմամբ նախարարի կտրուկ արձագանքը: Ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը ներս մտավ ու հնարավորինս կոռեկտ խնդրեց նախարարին պատասխանել մի քանի իր հարցադրումների, սակայն Արսեն Թորոսյանը հանկարծակի վեր կացավ տեղից ու լքեց ասուլիսի սրահը՝ հընթացս վատաբանելով բժիշկ Թամամյանին: Իհարկե, գուցե Թամամյանի հարցադրումները շատ սուր լինեին, ամեն դեպքում, կարելի էր մնալ, պատասխանել բոլոր հարցադրումներին` խոսքով, ընդ որում` կշռադատված, առանց վիրավորանքների, հակադարձելով ցանկացած սուր ձեւակերպման: Բայց նախարարը նախընտրեց Սերժ Սարգսյանի նման փախչել իրականությունից եւ հեռացավ ասուլիսի սրահից, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հրավիրված ասուլիսի ժամանակ նախորդ տարի:
Գոնե նոր Հայաստանում իրականության հեռ առերեսվելը անխուսափելի է, ու դա պետք է բոլորը հասկանան: Եւ որքան էլ Քոչարյանի կողմնակիցները չցանկանան, որ նա դատապարտվի, իր պատիժը կրի, դա եւս անխուսափելի է, քանի որ ով ինչ հանցանք թույլ է տվել՝ անկախ կարգավիճակից, ժամանակագրությունից, ուշ թե շուտ պետք է պատասխանատվության ենթարկվի (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս փաստն արդեն հաստատված իրողություն է, չկան անձեռնմխելիներ): Մյուս կողմից էլ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խուսափեց առերեսվել իրականության հետ եւ ուղղակի փախավ ասուլիսի սրահից, մինչդեռ քաղաքակիրթ երկխոսությունը, հակադիր փաստերի ու փաստարկների առերես ներկայացումն ու քննարկումը մեր երկրում այլընտրանք չունի: Մենք պետք է գնանք այս եւ միայն այս ուղով:




Լրահոս