ԺԱՄԱՆԱԿՆ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայի» կազմում: Նոր մարտահրավեր, նոր փորձություններ եւ նոր ինտրիգներ. Հայաստանի հավաքականի ավագը ընտրեց այս ճանապարհը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ նյութերից մեկում անդրադարձել էր Հենրիխ Մխիթարյանին. այդ ժամանակ ամեն ինչ շատ հանգիստ էր, եւ, կարծես թե, Հենրիխը չէր պատրաստվում հավաքել ճամպրուկներն ու մեկնել Իտալիա: Ամեն ինչ փոխվեց շատ արագ Ունայ Էմերիի «մեծ ջանքերի» գնով: Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրում մեր ֆուտբոլիստը կրկին չընդգրկվեց մեկնարկային կազմում` պարզ ցույց տալով, որ Հենրիխն այս մրցաշրջանի համար ուղղակի պահեստային տարբերակ է լինելու: Այս փաստը դարձավ բեկումնային. Հենոն որոշեց եւ Հենոն արեց: Իտալական «Ռոման» կլինի Մխիթարյանի նոր «կանգառը»: 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց Իտալիայի մայրաքաղաք, որը, ըստ մեզ, լավագույն տարբերակն էր հավանական այլ թիմերից: Հենրիխը այս թիմում անկասկած կստանա բավարար խաղաժամանակ, որը մեծ հնարավորություն է ֆուտբոլային թատերաբեմ վերադառնալու համար, իսկ այդպիսի հնարավորությունները մեր ֆուտբոլիստը օգտագործում է շատ լավ: Այս տրանսֆերային պատմությունը կարծես հիշեցնում է նաեւ եգիպտացի արդեն գերաստղ դարձած Մոհամեդ Սալահին, ով Պրեմիեր Լիգայում ձախողվելուց հետո գնաց Սերիա Ա, իսկ թե ինչ եղավ դրանից հետո, գիտենք բոլորս: Իհարկե, Մխիթարյանը արդեն 30 տարեկան է, սակայն այդ տարիքը միայն թվեր են, իսկ այն, որ Հենրիխը չի օգտագործել իր ողջ պոտենցիալը, դա մնում է փաստ: Առաջիկա մրցաշրջանում մեր ֆուտբոլիստից սպասելիքները շատ մեծ են: Ամեն դեպքում, պետք է փաստել նաեւ այն, որ Մխիթարյանի վրա ճնշումը հասնում է գագաթնակետին. մի մասը դժգոհ են այս տրանաֆերից, մյուսն մասն էլ «անկեղծանում են» եւ նշում, որ այսպիսի ֆուտբոլ ցուցադրած ֆուտբոլիստի վրա գումար ծախսելն անիմաստություն է: Իսկ ի՞նչ ֆուտբոլ է խաղում Մխիթարյանը. անշուշտ շատ բան հայ ֆուտբոլիստի մոտ չի ստացվում, բայց նա անում է այն, ինչ չեն կարողանում անել մնացածը: Հենց Մխիթարյանն է «մեղավորը» այս քննադատությունների տարափի, որովհետեւ նա իր խաղով ժամանակին շատ բարձր սանդղակ է սահմանել, որը խախտելու պարագայում արենա են բարձրանում չարախոսները:
«Ռոմա» տեղափոխվելուց հետո Հենրիխը ասել է, որ երջանիկ է եւ պատրաստվում է նոր հաջողությունների հասնել իտալական ակումբում:
Մխիթարյանը «Ջալոռոսների» ճամբար է տեղափոխվել վարձակալական հիմունքներով: «Արսենալում» հասկանում են, որ Մխիթարյանի՝ մարզավիճակ հավաքելու պարագայում նրան կանգնեցնելը շատ բարդ կլինի, այդ պատճառով պայմանագրի մեջ ամբողջական տրանսֆերը գնելու կետ չկա: Մխիթարյանը այժմ պետք է ժամանի Հայաստան եւ մասնակցի ԵՎՐՈ – 2020-ի նախընտրական փուլի Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ խաղերին: Նոր տեղափոխությունը պետք է որ լավ անդրադառնա ե՛ւ Մխիթարյանի տրամադրության, ե՛ւ խաղի վրա: Հուսանք, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն կսկսի խաղալ մխիթարյանական ֆուտբոլը եւ ցույց կտա շատերին իր իսկական խաղամակարդակը: Քննադատություններ միշտ էլ կլինեն, դրանք չեն դադարի, եթե դու շարունակես մնալ լավագույնը: Հենրիխը լավագույնների թվին է պատկանում անկասկած, իսկ ֆուտբոլում անհաջողություններին հաջորդում են քաղցր հաղթանակները:
«Գայլերը» կատարել են շատ խելացի տրանսֆեր, որի տուժողը կլինի Ունայ Էմերին իր «Արսենալի» հետ միասին. նման ֆուտբոլիստներին հնարավորություն չտալն ու հենց այնպես բաց թողնելը հիմնականում բարդություններ են առաջացնում այդ ակումբների համար. սա է ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը: Հենոն չգնահատվեց «Մանչեստեր Յունայթեդում» եւ Լոնդոնի «Արսենալում», եկել է ժամանակը նոր հաջողություններ կերտելու:
Այո, «Արսենալը» հարստացավ 3մլն եվրոյով, բայց կորցրեց մի ֆուտբոլիստի, ով կարող էր թիմում լինել լավագույններից մեկը: Էմերին այս մրցաշրջանում հույսեր է կապում 80մլն եվրոյով գնված Նիկոլյա Պեպեի հետ, ով Մխիթարյանի գնալուց հետո տեղը կապահովի մեկնարկային կազմում, սակայն թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը:
Ամեն դեպքում, «Բորիսիա Դորտմունդից» հեռանալուց հետո Մխիթարյանը չի կարողանում գտնել իր «գլխապտույտ» առաջացնող խաղը. «Ռոման» լավագույն տեղն է լավագույն տարիներն հիշելու ու խաղադաշտում կրկնելու համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒՍՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ
Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած եւ Երեւան տեղափոխված քաղաքացիներից միայն մեկ անձ է գտնվում հիվանդանոցում: Վերջին տվյալներով` ՀՀ-ում բուժում ստացողների թիվը երեքն էր, սակայն երկուսն արդեն դուրս են գրվել: Վթարից տուժած, «Սուրբ Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ տեղափոխված 30-ամյա կինը դուրս է գրվել երեկ: Նշենք, որ տուժածը ծանր վնասվածքներ չի ունեցել, սալջարդ է ստացել, եւ աչքի մեջ բեկորներ են եղել: «Էրեբունի» բկ-ում գտնվող երկու տուժածներից էլ մեկն արդեն դուրս է գրվել, մյուսի վիճակը գնահատվում է կայուն: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի ողնաշարի կոտրվածք, գիտակցությունը տեղն է, ինքնուրույն է շնչում:
Հիշեցնենք, որ Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել օգոստոսի 31-ին: Վթարը տեղի էր ունեցել Թբիլիսիի մոտակայքում: Ընդհանուր առմամբ տուժել էր 18 հայ, որից 2-ը մահացել էին:




Լրահոս