«ՄԵՐ ԱԶԳՆ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՎՐԱ ՉԻ ՍՈՎՈՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, սովորություններին: Մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ դերասանն ավելի քան մեկ տարի է՝ ամուսնացել է եւ ունի դուստր: Հարցին, թե ինչպես է պատահել, որ այս փաստը սպրդել է ԶԼՄ-ների ուշադրությունից, դերասանը պատասխանեց, որ չի սիրում անձնական կյանքը հանրային դարձնել: Նա խոսեց նաեւ մեր հանրության շրջանում իրեն հուզող խնդիրներից: Արծրունը տեսակետ հայտնեց, որ մեր ժողովուրդը քաղաքակրթվելու համար դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու:

-Արծրո՛ւն, երբեք չէիք պատկերացնի, որ…
-Դերասան կդառնայի… Դա պատահականություն էր: Ես պետք է ընդունվեի Հայկական պետական մանկավարժական համալսարան` ռազմական մանկավարժության բաժինը, բայց հետո հետ կանգնեցի այդ մտքից: Ինձ Թատերական ինստիտուտ տարավ քույրս: Առաջարկեց ընդունվել 0 կուրս: Այդպես հետո դարձա մասնագետ…
-Երբ թվացել է, որ վերջ, ձախողվել եք, ի՞նչ եք արել:
-Գնացել եմ շանս մոտ, իր հետ «խոսել ենք»: Շունս միշտ լսում է ինձ:
-Կյանքի ամենաթանկ նվերը Ձեզ:
-Դուստրս:
-Փաստորեն Դուք ամուսնացել եք եւ նույնիսկ դուստր ունեք, իսկ հանրության լայն զանգվածն այդ մասին չի իմացել…
-Դե ես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել:
-Ձեր կինը դերասանական ոլորտի հետ կապ ունի՞:
-Ոչ, բացարձակ:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ ամուսնացել եք:
-Մեկ տարուց ավել է:
-Ձեզ սովորաբար հարվածում են մարդիկ, որոնք…
-Բոլորն անխտիր հարվածում են, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Դա կյանքի օրենքն է, նորմալ է…
-Եթե չլինեիք հայտնի, ի՞նչ կյանքով կապրեիք:
-Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ հայտնի եմ ես, թե ոչ, ապրում եմ նույն կյանքով, երթեւեկում եմ մետրոյով, քայլում եմ փողոցով, նստում եմ ավտոբուս…
-Ձեզ միշտ տանջում է այն հարցը, թե…
-Մեր ազգն ինչու չի կարողանում իր սխալների վրա սովորել:
-Շատ եք ափսոսում, որ…
-Չեմ ափսոսում ոչ մի բանի համար…
-Վախենում եք, որ…
-Վախ էլ բացարձակ չունեմ…
-Հույս ունեք, որ…
-Մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, մի օր կսովորի պատմությունից դասեր քաղել…
-Երազում եք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի…
-Չաշխատեմ ու վայելեմ կյանքը…
-Կանայք սովորաբար Ձեր մեջ առաջինը նկատում են…
-Մուննաթս երեւի:
-Հոլիվուդյան հայտնիներից ո՞ւմ կյանքով մեկ օր կապրեիք:
-Թող հայտնիները իմ կյանքով ապրեն, տեսնեմ կձգե՞ն (ծիծաղում է):
-Կցանկանայիք ունենալ անձնական թիկնապա՞հ, խոհարա՞ր, թե՞ մերսող:
-Մերսող…
-Ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ հմայիչ եմ, թե ոչ, բայց եթե համարենք, որ հմայիչ եմ, ապա էլի մուննաթս (ծիծաղում է):
-Երբեմն վրդովվում եք, երբ…
-Երբ շուրջս տեսնում եմ անքթածակ մարդկանց, որոնք փողոցի մեջտեղում «մտնում են» հեռախոսի մեջ ու խանգարում երթեւեկությանը, զզվում եմ ազդանշան տվողներից: Ազդանշան տալն իմաստ չունի, շատ քաղաքակիրթ երկրներում ազդանշանի համար տուգանում են, իսկ մեր երկրում մրցույթ է, թե ով ավելի բարձր ազդանշան կտա: Մի անգամ ավտոբուսը փորձում էր կանգառ մտնել, տաքսին ավելի շուտ ճողոպրեց` փորձելով առաջ անցնել, չդիմացա, կռիվ արեցի… Ուզում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքակիրթ ապրի:
-Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ վայրը:
-Մեր գյուղը՝ Լոռու մարզի Ագարակը: Անտառից բացվող տեսարանը… Հրաշք… Ես, առհասարակ, բնության մեծ սիրահար եմ…
-Մարդկության ամենամեծ գյուտը, որի համար ամեն օր փառք եք տալիս Աստծուն:
-Անիվի հայտնագործումը:
-Եվ վերջում՝ տպագրվելուց հետո կարդալու՞ եք այս հարցազրույցը:
-Եթե աչքովս ընկնի, այո:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

Ո՞ՒՐ Է «ԿՈՐԵԼ» ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ

Արդեն երկար տարիներ Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ էկրանային եւ բեմական ինչ գործունեությամբ է նա այժմ զբաղված: Դերասանը տեղեկացրեց, որ նկարահանվում է ամերիկյան S.W.A.T. հեռուստասերիալում, Ռուբեն Քոչարի «Կալիոստրո» ֆիլմում, որի նկարահանումների շրջանակում, ի դեպ, սեպտեմբերին կայցելի Հայաստան: Ինչ վերաբերում է թատերական կյանքին, պարոն Բաբախանյանը պատրաստվում է Շեքսպիրի «Համլետ» ներկայացմանը՝ անգլերենով:

Հարցին, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունի, դերասանը պատասխանեց. «Մենք հզոր երկիր ենք, հզոր ազգ, որն աշխարհի քաղաքակրթությանը շատ բան է տվել: Հպարտ եմ, որ հայ եմ ու Հայաստանն եմ ներկայացնում իմ համեստ գործով: Հայաստան գալու ցանկություն միշտ ունեմ եւ հաճախ եմ այցելում»:
ԱՄՆ-ում բնակվելու տարիների իր մեծագույն ձեռքբերումը դերասանը համարում է նոր ընկերներն ու կապերը, ընդգրկուն հանդիսատեսի հետ կապն ու համաշխարհային չափանիշներին համապատասխան վերջինիս պահանջների ու սպասելիքների բավարարումը:
Հիշեցնենք, որ 2018-ին Հայաստանում Հովհաննես Բաբախանյանը հանդես եկավ իր «Պատգամ» մոնոներկայացումով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դերասանը նկարահանվեց Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում եւ իր հարազատ Դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի եւ դրամատիկցիների հետ նշեց իր 50-ամյա հոբելյանը:
Հավելենք նաեւ, որ դերասանն այժմ աշխատում է «Սայաթ-Նովա» ֆիլմի շուրջ: Ի դեպ, Սայաթ-Նովային կմարմնավորի հենց ինքը: Պարոն Բաբախանյանն անում է ամեն բան, որպեսզի ֆիլմը նկարահանվի Հոլիվուդում։ Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է: Այլ մանրամասներ դերասանը կհայտնի ավելի ուշ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԻԿԱՐԴԻՆ ՆՈՐ ԹԻՄ ՈՒՆԻ
Իտալական «Միլանի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ: Ֆուտբոլիստը փարիզյան թիմում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Արգենտինացին ՊՍԺ տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով. «ՊՍԺ-ն համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույններից է եւ գնում է լավագույն ֆուտբոլիստներին: Այս թիմը մեծ հավակնություններ ունի: Ես անհամբերությամբ եմ սպասում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում խաղալուն»,- ասել է Իկարդին:
Իտալիայի հավաքականը եւս մեկ կորուստ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ: Իտալիայի ազգային հավաքականի եւ «Նապոլիի» ֆուտբոլիստ Լորենսո Ինսինյեն մկանային վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը եւ բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպումը: Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 2-րդ տուրի` «Յուվենտուսի» (3:4) դեմ հանդիպմանը:
Բացի Ինսինյեից մեր հավաքականի դեմ հանդիպմանը չեն մասնակցի նաեւ Ջորջիո Կյելինին, Մատիա դե Շիլիոն եւ Բրայան Կրիստանտեն:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին:

 

 

 

ԱԼ ԲԱՆՈՆ ՉԳԻՏԵՐ, ՈՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է
Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն, որը Հենրիխ Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի հարսանիքին կատարել էր հայտնի Felicita երգը, անկեղծացել է եւ նշել, որ չգիտեր Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլիստ լինելու փաստը. «Ես չգիտեի, որ նա ֆուտբոլիստ է եւ, ճիշտն ասած, պատկերացնել էլ չէի կարող դրա մասին: Ինձ հետ կապ էին հաստատել նրա անձնակազմի ներկայացուցիչները, որովհետեւ նրա ծնողները ցանկանում էին անակնկալ մատուցել: Ես հարսանիքին ներկա եմ եղել մեկուկես ժամ, եւ Հենրիխը ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Գիտեմ, որ նա արդեն տեղափոխվել է Սերիա Ա: Նրան հաջողություն եմ մաղթում նոր ակումբում եւ ուզում եմ, որ լինի նույնքան երջանիկ, որքան իր հարսանիքի օրն էր»,- ասել է Ալ Բանոն:

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը եւ կատալոնական «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում:
Հարձակվողը իր նախկին թիմին դատի էր տվել պայմանագրով նախատեսված բոնուսը չվճարելու համար, իսկ «Բարսելոնան» դատի է տվել Նեյմարին ու պահանջում է 70 մլն. եվրո պայմանագրի կետերը խախտելու համար:
Կողմերը կհանդիպեն դատարանում սեպտեմբերի 27-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս