ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՔՐԵԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ ԳՆԱՑԻՆ ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վերջինիս եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություն իրականացրեց: Օգոստոսի 30-ին ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց եւ այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ում:

Ըստ ԱԱԾ-ի՝ ՊԵԿ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Նրա եղբորորդին եւս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ի այս գործողություններից հետո անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Հատուկ քննչական ծառայությունը եւ նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):
Գագիկ Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը։
Իսկ ինչո՞ւ էր մինչ այս լռում ՀՔԾ-ն, ինչո՞ւ չէր հայտնում այդ մասին, ավելին` ինչո՞ւ խոսեց այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն կոնկրետ քայլերի դիմեց եւ առավել համարձակ գտնվելով` կալանավորեց Գագիկ Խաչատրյանին, իսկ, ահա, ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին կոնկրետ գրավոր հարցեր ուղղեց:
1. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ՀՔԾ-ում ե՞րբ է հարուցվել քրեական գործ:
2.Ե՞րբ է վերջինս ներգրավվել քրեական գործով մեղադրյալ, ի՞նչ խափանման միջոց է ընտրված եղել նրա նկատմամբ:
3. Ե՞րբ է Գագիկ Խաչատրյանը փոխհատուցել 800 մլն դրամը, եւ այդ քրեական գործը ՀՔԾ-ում կարճվե՞լ է, թե՞ ներկայումս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
4.Ներկայումս Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ՊԵԿ նախկին նախագահի մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հնարավո՞ր է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ուղարկվի ԱԱԾ, կամ միգուցե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ուղարկվի ՀՔԾ: Ասել է թե` երկու հարուցված քրեական գործերը կմիացվե՞ն, թե՞ կքննվեն առանձին -առանձին:
5. Եվ, առհասարակ, հնարավո՞ր է` մեկ անձի մասով տարբեր քննչական վարչություններում առանձին գործեր քննվեն:
6. Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի եւ նրա կողմից 800 միլիոն դրամի փոխհատուցման մասին խոսեց այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց Գագիկ Խաչատրյանին: Ինչո՞ւ մինչ այդ չէիք հայտնում նրա մասով հարուցված քրեական գործի մասին, նրա կողմից գումարի փոխհատուցման մասին. ստացվում է` երբ ԱԱԾ հայտնեց քրգործի մասին, միայն այդ ժամանակ հիշեցիք, որ գործ էիք արել: Ինչո՞ւ էիք թաքուն պահում:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ուղղված մեր 6 հարցերին ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին. «Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, ուստի քրեական գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկվում է դիմել հիշյալ ծառայություն»։
Այսպիսով, ՀՔԾ-ն դեռեւս նախկինում իր վարույթում քննվող քրեական գործով հրաժարվեց մանրամասներ հայտնել եւ կրկին լռեց:
Սակայն դատելով պատասխանից` երկու ուժային կառույցները չեն քննելու ՊԵԿ նախկին նախագահի մասով քրեական գործը, եւ ՀՔԾ-ն Գագիկ Խաչատրյանի մասով իր վարույթում քննվող քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկել է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ:
Ստացվում է, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահեցին Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչտրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, եւ միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան եւ հայտնեցին, թե ինչ են արել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ
Երեկ ԼՀԿ ներկայացուցիչներ Անի Սամսոնյանը եւ Ռուբիկ Ստեփանյանը գնացել էին «Նուբարաշեն» ՔԿՀ եւ այնտեղ տիրող իրավիճակի մասին մանրամասներ հայտնել:
Ըստ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի` սեպտեմբերի 5-ին` ժամը 15:30, 3-րդ եւ 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետեւանքով այրվել է ՔԿՀ-ի խոտածածկ տարածքը։ Հրդեհը մարել են ԱԻՆ աշխատակիցները: Այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը, ըստ այդմ՝ կալանավորները որոշել են «բունտ» անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:
Նկատենք, որ Անի Սամսոնյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը, որը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ եւ դեռ ավելին` վերջինիս անվան հետ կապված աղմկահարույց քրեական գործ կար: 2016 թվականին դատախազությունը ստուգումներ էր իրականացրել եւ քրեական գործ էր հարուցել պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, եւ արդյունքում դադարեցվել էին Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Ի դեպ, դեռեւս 2016 թվականին իրավապահների խուզարկությունները այդքան էլ դուր չէին եկել կալանավորներին, որոնք, ի նշան բողոքի, բունտ էին բարձրացրել : Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, դեռեւս Ձեր ՔԿՀ պետ եղած ժամանակ կալանավորների կողմից բունտ էր եղել, եւ Ձեր լիազորությունները չարաշահումների մասով հարուցված քրեական գործով կասեցվել էին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Իմը լրիվ ուրիշ բան էր, ես այն իշխանությունների սրտով չէի նշանակվել, ու սկսեցին հետախպնդումները: Ինչի համար ինձ մեղադրանք էին առաջադրել, գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով, եւ դա սարքովի բան էր: Երբ խուզարկությունները կատարվեցին, ես իրենց ասեցի` ոստիկանության աշխատակիցներ մի՛ բերեք մտցրեք այստեղ, ինձ չլսեցին, իրենց ձեւով արեցին. ու տեսաք` ինչ առաջացավ:
-Ասում են` իրավիճակը զսպել են, բայց վտանգներ կան, որ չեն կարող դեմն առնել:
-Իրավիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Երբ ես ՔԿՀ պետն էի. մոտ 1250 կալանավոր ու դատապարտյալ կար, որից 93-ը ցմահ էին, հիմա 400 քանիս է դարձել: Բայց քանի որ այդ «զոն նայող» հրաժարվել է, որ ինքը նայում է, եւ ասում է, որ իր գործունեությունը կասեցրել է, այդտեղից սկսվել է: Ներկայիս ՔԿՀ պետը լուրջ նոր պետ էր, որին չեմ ճանաչում, վստահ էր խոսում եւ ասեց, որ իրավիճակը վերահսկելի է եւ իրենց ձեռքերում է: Ինձ թվում է` նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն:
-Դուք ո՞նց եք պատկերացնում դա, ո՞նց են կիրառվելու:
-Օրենքը երբ մտավ ուժի մեջ, այդ ժամանակ կերեւա, հիմա նախօրոք բան չասեմ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով` Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ` «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված եւ չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերեւույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: Նշենք, որ այսօրվա դրությամբ պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. ՀՀ դրամ գումար: Քրգործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, որը հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից եւս մեկը եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս