ԱՌՋԵՎՈՒՄ ԲՈՍՆԻԱՅԻ ԴԵՄ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում ուժերը կչափի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի դեմ: Իտալիայի դեմ ծանր եւ դժվար խաղից հետո մեր տղաները կմրցեն ոչ հզոր, բայց ուժեղ Բոսնիայի դեմ:

Այո, իտալացիների դեմ մեր խաղը ստացվեց գուցե եւ սպասվածից լավ, սակայն արդյունք մեր թիմը ապահովել չկարողացավ: Բոսնիան միանշանակ կարգով զիջում է «Սկաուդրա Աձուրային», սակայն եթե ստեղծված պատկերին նայենք պարզ աչքերով, ապա մեր ընտրանու համար այս խաղը կրկնակի բարդ ընթացք կարող է ունենալ: Հայաստանի հավաքականը 80 րոպե հրաշալի ֆուտբոլ խաղաց Իտալիայի դեմ, ծախսեց բավականաչափ էներգիա, կարմիր քարտի պատճառով էլ ավելի մեծացավ աշխատանքը, որը պարզից էլ պարզ է, որ հանգեցրել է հոգնածության: Այս ամենից հետո մեր տղաները վերականգնվելու համար ստանում են ընդամենը 2 օր: Եթե այս ամենին գումարենք այն, որ բոսնիացիները Հայաստանի դեմ խաղից առաջ մասնակցել են ընդամենը «մարզման»` մրցելով Լիխտեյնշտեյնի դեմ եւ հաղթելով 5:0 հաշվով, ապա շատ ավելի բարդ եւ դժվար է դառնում ամեն բան Հայաստանի համար: Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի Ալեքսանդր Կարապետյանը, ում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Արթուր Միրանյանը (եթե, իհարկե, տակտիկական փոփոխություններ տեղի չունենան): Հաշվի առնելով վերը նշված ծանր խաղը` սպասելի են ռոտացիաներ: Մասնավորապես, կարելի է մեկնարկային կազմում բացի Միրանյանից սպասել նաեւ Սարգիս Ադամյանին, Ռումյան Հովսեփյանին եւ, ինչու ոչ, նաեւ Պետրոս Ավետիսյանին: Իտալիայի դեմ խաղում թեթեւ վնասվածք ստացավ նաեւ Կամո Հովհաննիսյանը, սակայն կարողացավ ավարտին հասցնել խաղը: Հուսանք, որ Կամոն կկարողանա ամբողջովին վերականգնվել եւ հրթիռային արագությամբ սլանալ նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստների կողքով: Այս խաղը Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը որակավորվելու հույս ունենալու եւ պայքարի մեջ մնալու խաղն է: Եթե պարտվենք նաեւ այստեղ, ապա կարելի է մեծ մասամբ այլեւս չմտածել ԵՎՐՈ-ի մասին, բայց եթե բախտ վիճակվի հաղթանակ տոնելու, J խմբում 2-րդ տեղի համար պայքարը կլարվի եւ կհասնի գագաթնակետին: Հաշվի առնելով այն, որ երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան մրցելու է Իտալիայի դեմ` այս խաղում հաղթելը կարող է մեզ ավելի մոտեցնել 2-րդ հորիզոնականին:
Այո, մեր տղաները վերականգնվելու շատ քիչ ժամանակ ունեն, թիմը դեռեւս սերնդափոխության շրջանում է, մրցակիցը բավականին ուժեղ է, սակայն Իտալիայի դեմ այդպիսի ֆուտբոլ խաղացող թիմը կարող է խաղալ նաեւ Բոսնիայի դեմ: Իտալիայի դեմ խաղի արդյունքը կարելի է անարդարացի համարել, սակայն ֆուտբոլն այն սպորտաձեւն է, որ միշտ «վարձահատույց» է լինում նման խաղերի համար, ուղղակի պետք է հավատալ սեփական ուժերին եւ խաղալ սեփական ֆուտբոլը, այն ֆուտբոլը, որը իրոք կարող է մեր հավաքականը: Կա՛մ կհաղթենք վաղը, կա՛մ կմոռանանք նաեւ այս ԵՎՐՈ-ի մասին. այս ամենը հասկանում են նաեւ տղաները, եւ, անշուշտ, նրանք կպայքարեն մինչեւ վերջ հաղթանակի հասնելու համար:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Նախօրին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի: Պարզվել է, որ նույն օրը աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելուց առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետեւանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաեւ մասնակի այրվել է ննջասենյակի գույքը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԿՆՎԱԶԻ
«Սեպտեմբերի 7-ից եւս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արեւելքից (Արեւմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը: «Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արեւադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` նաեւ մառախուղ»,-սոցցանի իր էջում գրել է Սուրենյանը:




Լրահոս