Ով է Երևանում բերման ենթարկված քրեական հեղինակությունը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ խոսքը Արտյոմ Հարությունովի՝ Արտյոմ Կանևսկոյի մասին է:

Ի դեպ, նրանց մեքենաներում հայտնաբերել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։

Ինչպես հայտնի է՝ Արտյոմ Հարությունովը մեկ այլ գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Մասնավորապես, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ իր պահեստատուփով, լիցավորված կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ և մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք 2019 թվականի հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ:

Կանևսկոյին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 2019-ի հունվարի 12-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Արտյոմ Հարությունովին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ընթանում է այս գործով դատական քննությունը: Կանևսկոյը ՌԴ և ՀՀ քաղաքացի է, ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա` 13, 9 և 3 տարեկան, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել, չի աշխատում:

Մի առիթով լրագրողների հետ զրույցում Հարությունովն ասել է, թե չգիտի՝ ինչու է հաճախ հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, բայց վստահ է, որ իր նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ պատվիրատուն Արտյոմ Հարությունովն է: Վերջինս հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է, բայց նման բան չկա:

«Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»,- ասել էր Կանևսկոյը՝ պնդելով, որ ինքը Արթուր Ասատրյանին առհասարակ չի ճանաչում և հերքելով տեղեկությունները, թե նրա հետ թշնամական հարաբերություններ ունի:

Անդրադառնալով մեկ այլ՝ անօրինական կերպով անձնագիր ստանալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, որում շոշափվում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, Հարությունովն ասել է, թե ինքն օրինական կարգով է անձնագիր ստացել, իսկ Վլադիմիր Գասպարյանին կյանքում երկու անգամ է տեսել:

«Վլադիմիր Գասպարյանին տեսել եմ երկու անգամ կյանքում, էն էլ կանչել, ջղայնացել ա, ասել ա՝ խելոք մնացեք, Հայաստանում բան չանեք»:

Նշենք, որ անձնագիր ստանալու վերաբերյալ գործը կարճվել է համաներմամբ:

Ըստ Արտյոմ Հարությունովի՝ ինքը շփում չունի նաև քրեական հեղինակությունների հետ:




Լրահոս