
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան ավիաընկերություններին արգելել է մուտք գործել Իրաքի, Իրանի, Օմանի ծոցի, ինչպես նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող ջրերի օդային տարածք։
Այս որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ: Ամերիկյան իշխանությունները ստեղծված իրավիճակը ռիսկային են գնահատել ԱՄՆ քաղավիացիայի՝ վերոնշյալ տարածքներում գործունեություն ծավալելու տեսանկյունից։
Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճը և ռազմական բախումների հավանականությունը ստիպել են ԱՄՆ իշխանություններին կանխարգելիչ քայլերի դիմել։ Թռիչքի արգելքն անխտիր վերաբերում է ԱՄՆ-ում գրանցված բոլոր ավիաընկերություններին և ավիափոխադրողներին։