ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի կեղծ հուշամեդալներին:
«Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։
Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։
Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»: