53 մլն հարձակում մի քանի ժամվա ընթացքում․ ArmLur.am-ի սերվերի վրա կիբերհարձակման հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am լրատվական կայքի աշխատանքը երեկ խափանվեց ժամը 16:00-ի սահմաններում սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով: Ժամեր շարունակ աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել մեր կայքի սերվերի վրա: Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք: Ըստ մասնագետների՝ ժամեր շարունակ տարբեր երկրներից տարբեր IP-ներով նույն վայրկյանին մուտք են գործել կայք՝ այդպիսով խափանելով սերվերի աշխատանքը: Եվ քանի որ կիբերհարձակումն իրականացվել է այլ երկրների կողմից, կփորձենք պարզել նաեւ այն կազմակերպողների շրջանակը. արդյոք այն կազմակերպվել է Հայաստանի ներսո՞ւմ եւ իրականացվել այլ երկրներից, թե՞ միաժամանակ կազմակերպվել եւ իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս:

Համաձայնեք՝ այս հարձակումներն իսկապես մտահոգիչ են, եթե հաշվի առնենք նաեւ դեկտեմբերի 19-ի ներխուժումը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այդ դեպքից անցել է 23 օր, սակայն որեւէ բան չի բացահայտվել, ավելին՝ անգամ տարածքի տեսախցիկներն իրավապահները չեն ուսումնասիրել՝ գոնե պարզելու, թե որտեղից են ներխուժել, էլ չենք խոսում ներխուժման նպատակների պարզաբանման մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու, եւ արդեն գրություններ ենք ուղարկել ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներ Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պարզել երկու հարձակումների հեղինակներին ու պատճառները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս