Ինչ իրավիճակ է այժմ «Դալմա»-ում. նախարարը նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում նկատվել են տեղային ցնցումներ: Դրանից հետո առեւտրի կենտրոնում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են կենտրոնից եւ տեցում սկսել են աշխատանքներ իրականացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:

Անցել է մեկ օր, ArmLur.am-ը այսօր որոշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանից պարզել, թե ինչ իրավիճակ է այժմ եւ արդյոք որեւէ հստակեցում է առկա տեղի ունեցածի պատճառների մասին: Սակայն վերջինս դժվարացավ այս պահին հավելյալ տեղեկություն տրամադրել՝ ասելով, թե համապատասխան մասնագետները դեռ աշխատում են, սարքերն էլ դեռ տեղադրված են:

«Երեկվանից սարքերը տեղադրված են, դեռ ուսումնասիրություն է ընթանում: Այսօր թերեւս կվերջացնենք ուսումնասիրությունները եւ արդյունքները պարզ կդառնան», – նշեց Ցոլակյանը: Նրա խոսքով, այդ սարքերը դեռեւս աշխատում են, որպեսզի եզրակացությունը հիմնավոր լինի, թե ինչի հետևանքն են եղել այդ ցնցումները:

«Այս իսկ պատճառով մասնագետներն ուսումնասիրում են շենքի այն հատվածը, որտեղ ցնցումներն են եղել:  Դրանք կես ժամ են եղել եւ դրանից հետո չեն կրկնվել», – հավելեց նա: Ցոլակյանը նաեւ ընդգծեց, թե շենքի հարեւանությամբ շինարարություն է ընթանում եւ չի բացառվում, որ տեղի ունեցած ցնցումները նաեւ դրա հետեւանքը լինեն:

 




Լրահոս