Հայկական ավիաշուկա վերջերս մուտք գործած նոր հայկական ավիաընկերությունը դեռ ամբողջական փաստաթղթերը չի ներկայացրել քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Խոսքը «FlyArmeniaAirways» ընկերության մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «FlyArmeniaAirways» ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան պետք է բերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից եւ արդեն աշխատանքի է ընդունում օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիաընկերությունն արդեն աշխատանքի է ընդունել ավելի քան 200 աշխատողի:
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա ընթացքում հայկական ավիաշուկա մուտք գործեց երկու լոուքոսթեր, որոնք այս տարի պետք է թռիչքներ իրականացնեն: Ի դեպ, դրանցից մեկի՝ իռլանդական Ryanair ավիաընկերության թռիչքը Իտալիայից Հայաստան այսօր է սպասվում։
Սակայն ուշացումներ կլինեն, քանի որ Իտալիայում կարգավարները գործադուլ են անում: Անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:
Հաջորդը հունգարական WizzAir բյուջետային ավիաընկերությունն է, որը նախատեսում է ապրիլից թռիչքներ իրականացնել Երեւանից: Ընկերության ինքնաթիռները Երեւանից կմեկնեն Ավստրիայի ու Լիտվայի մայրաքաղաքներ՝ Վիեննա ուՎիլնյուս:
Բայց, մյուս կողմից, ավիացիոն ոլորտի մասնագետները համոզված են, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել նորստեղծվելիք ընկերության համար:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի հետ:
-Տիկի՛ն Ռեւազյան, նախորդ տարեվերջին Դուք հայտարարեցիք, որնոր ավիաընկերություն է մուտք գործելու հայկական ավիաշուկա: Ի՞նչ եղավ այդ ընկերության հետ:
-Իրենք հայտով մեզ դիմել են, մեր մասնագետները փաստաթղթերն են ուսումնասիրում: Եւ նոր ավիաընկերությունը, երբ մեզ դիմում է, մենք իրավունք ունենք 90 օրվա ընթացքում իրենց պատասխան տալ: Բայց այդ ընկերության լրիվ փաստաթղթերը դեռ մեր մոտ չեն: Ամբողջական չի ներկայացրել ընկերությունը: Դեռ սպասում ենք:
-Ավիացիոն ոլորտի մասնագետները մտահոգված են, քանի որ համոզված են, որ բյուջետային ավիաընկերությունները կարող են խանգարել «Fly Armenia Airways»-ի գործունեությանը:
-Եթե ավիաընկերությունը վախենում է լոուքոսթերներից կամ վախենում է ընդհանուր մրցակցությունից, ուրեմն ինքը ի սկզբանե խնդիր ունի: Ինքը պետք է հասկանա ու այնպիսի բիզնես-մոդել մշակի, որ ինքը կարողանա մրցել մնացած ավիաընկերությունների հետ: Ոչ դրա հաշվին կարողանա գործի՝ որ բոլորը չլինեն, միայն ես լինեմ:
Բայց ես նման խնդիր այդ ավիաընկերությունից չեմ լսել: Իրենք գիտեն, որ լոուքոսթերները մտնում են, իրենք մրցակցությունից չեն վախենում: Որեւէ նման արձագանք այդ ընկերության կողմից չի եղել:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ փաստաթղթերն ամբողջական չեն ներկայացրել:
-Նորմալ երեւույթ է, ավիաընկերությունը դիմելիս կարող է փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնել: Ընթացքի մեջ է, նորմալ է: Այս պահին դեռ հստակ չէ, թե երբ կունենանք բոլոր փաստաթղթերը:
-Տիկի՛ն Ռեւազյան, երբ հայտարարվեց «Ryanair»-ի՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու եւ առաջարկած էժան ավիատոմսերի մասին, այդ շրջանում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որպետությունն ամեն ուղեւորի համար պետք է վճարի 76 դոլար, որը կազմում է տարեկան 5 մլն դոլար: Արդյոք այդպե՞ս է:
-Ոչ, նման բան չկա: Պետությունը սուբսիդավորում չի անելու: Փոխարենը «Զվարթնոց» օդանավակայանի պարագայում նորուղղությունների համար մենք օդի տուրքը հանում ենք, որը բոլորի համար է, եւ կապ չունի, որ դա «AirFrance»-ն է.եթե նորուղղություն բացի, ինքն էլ չի վճարի օդի տուրք:
Իսկ Գյումրիի օդանավակայանի հետ կապված այլ խթաններ կան, որըմենք անում ենք՝ համագործակցելով մեր գործընկերներիհետ Եվրոպայում: Քննարկման փուլիմեջ այդ ամենը, դրա համար վերջնական չեմ կարող ասել, որ գործընկերներն են, ուինչպես է այդ ամեն ինչը կազմակերպված: Բայց Գյումրիի օդանավակայանը երկրորդական է, ինքնուրույնչի կարող զարգանալ առանց այլ խթանների:
-Նաեւ ՀՀ կառավարությունը պետք է քննարկեր «Զվարթնոց» օդանավակայանի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու, փոփոխելուհարցը: Այդ աշխատանքները ո՞ր փուլում են:
– Պայմանագիրը փոփոխություններչիկրել, ու, ընդհանրապես, կարող է քննարկումներ եղել են ամենավերեւներում… Ես գիտեմ, որ այդ հարցը բարձրաձայնվել է: Բայց ես կոնկրետ տվյալներ չունեմ, թե որ փուլում ենք հասել, եւ ինչ քայլ է արվել այդ ուղղությամբ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը «Fly Armenia Airways»-ից եւս ճշտեց փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացնելու պատճառերի մասին: Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ ոչ մի խնդիր չկա, արդեն աշխատում են, անգամ հասցրել են հավաքել մասնագետներին: Ժամանակի խնդիր է:
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված վերահսկողություն է իրականացնելու Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառը անվտանգության նվազման նախանշաններն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովի կողմից աուդիտ կիրականացվի այս տարվա փետրվարի 3-7:
Աուդիտը իրականացնելու է լուրջ մասնագետներով ձեւավորված կազմը: Անգամ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս նպատակով ներգրավել է հոլանդացի թռիչքային անվտանգության մասնագետի, որը կկարողանա օգնել հայկական կողմին խնդիրները արագ լուծելու հարցում:
Սյունէ Համբարձումյան