Ինչու Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչը ազատվեց աշխատանքից, և ինչ են «հիշեցրել» նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ Արման Գրիգորյանը ֆեյսբուքով տեղեկացրեց, որ ծանուցվել է, որ նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել իր հաստիքը լուծարելու մասին, որի մասին տեղեկացել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Որպես հաստիքի կրճատման պատճառ, նա նշում էր, որ հարմար չէ նոր ղեկավարությանը։

«Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին)…»,-այսպես էր իր հրապարակման մեջ մեկնաբանել բժիշկը:

Գրառմանը հաջորդած քննարկումներում հաստիքի կրճատման հավանական տարբերակը հիմնականում հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանի «մարդը» լինելն էր: Մեր այն հարցին, թե ինչու են բժշկական կենտրոնում շարունակում Արա Մինասյանի մտերիմներին ազատել աշխատանքից` ԲԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը նշեց.

«Կենտրոնի աշխատանքների կազմակերպման փոփոխությամբ պայմանավորված ի թիվս այլ հաստիքների կրճատվում է նաև Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի հաստիքը, նշեմ, որ նա չի ազատվել աշխատանքից, այս պահին դեռ ծանուցումն է ուղարկված, հաստիքը դեռ չի կրճատվել: Ինչ վերաբերում է Ձեր հարցին Արա Մինասյանի գործոնով պայմանավորված ազատումներին, ապա միանգամից դա բացառեմ, մեզ մոտ օրինակ աշխատում են Մինասյանի արյունակից հարազատները` քույրը, եղբորորդին»:

Այն հարցին էլ, թե Գրիգորյանն իր աշխատանքային տարիների ընթացքում երբևէ ենթարկվել է կարգապահական տույժի, Խաչատրյանը պատասխանեց, որ աշխատանքային օրենսգրքով արգելվում է աշխատողի համաձայության բացակայությամբ նրա մասին որևէ տվյալ հրապարակել, ուստի տեղեկություն տալ հնարավոր չէ: Նա հավելեց նաև, որ Գրիգորյանին այլ աշխատանք դեռ առաջարկված չէ:




Լրահոս