Գնաճ գյուղատնտեսության ոլորտում. որ մթերքներն են թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3 տոկոս գնաճ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դրան նպաստել են մրգի՝ 4.9, բանջարեղենի 19.9 տոկոս գնաճերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մրգի շուկայում տարեվերջին, նոյեմբեր ամսվա համեմատ, թանկացումը կազմել է 4.9 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում թեկուզ չնչին, բայց թանկացում է արձանագրվել 0.5 տոկոսի չափով: Ձվի գինը մեկ ամսվա ընթացքում (2019 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ) բարձրացել է 1.1 տոկոսով: Անգամ թանկացել է հացաբուլկեղենն ու ձավարեղենը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացաբուլկեղենը թանկացել է 0.4 տոկոսով:

Բացի այս, Հայաստանում արձանագրվել է նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 0.1 տոկոս գնաճ, ինչը ծխախոտային արտադրատեսակների 0.1 տոկոս գնաճի արդյունք է: Փոխարենը շաքարավազի շուկայում է գնանկում արձանագրվել. 2019 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնանկումը կազմել է 5.6 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձկան եւ ծովամթերքի շուկայում վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3 տոկոսի գնանկում: Մսամթերքի գները եւս նվազել են՝ 0.1 տոկոսով: Ըստ մասնագետների՝ անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրված թանկացումների պատճառը Ամանորն է եղել:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակ թանկացել է։ Ինչպես հայտնի է, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, միաժամանակ միացել է միասնական մաքսային սակագներին,ինչը ենթադրում է, որ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը պետք է բարձրանան: Բայց վատ հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանը մի քանի տարի անցումային ժամանակահատված էր վերցրել՝ սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքների համար: Իսկ դրանց մի մասի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ոլորտը՝ գյուղատնտեությունը, թանկանալու է: Այս ոլորտում արդեն հունվարի 1-ից բարձրացել է ցորենի սերմացուի, գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի մաքսազերծումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նշված ապրանքատեսակները ներմուծող տնտեսվարողները սահմանին վճարում են 3 տոկոսով ավելի գումար: Ի դեպ, պարարտանյութերի համար այդ վճարը թանկացել է ավելի քան 2 տոկոսով:

Սա դեռ ամենը չէ. ինչպես հայտնի է, երեկվանից ուժի մեջ է մտել օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում: Ըստ անասնապահությամբ զբաղվող ֆերմերների՝ մսի եւ կաթի գները կբարձրանան: Այնպես որ, զինվեք համբերությամբ. Հայաստանում կյանքը է՛լ ավելի է թանկանալու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս