Խորհրդարանում պետք է «կրքերը թուլացնել». երբ կավարտվեն ԱԺ նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանն այսօր ավարտի իր աշխատանքները: Բանն այն է, որ օրակարգը շատ հագեցած էր օրենքի նախագծերով, բայց այս նստաշրջանում հիմնականում ոչ թե օրենքի նախագծեր էին քննարկվում, այլ հիմնականում «մարտեր» էին ընթանում ԱԺ երեք` «Իմ քայլը»,«Լուսավոր Հայաստան»,«ԲՀԿ» խմբակցությունների միջեւ:

Մենք տեղեկացանք, որ ԱԺ-ում նպատակ կար քննարկումները շարունակելու հաջորդ շաբաթ, բայց քանի որ հայրենի կառավարությունը որոշեց, որ առաջիկա երկուշաբթին եւ երեքշաբթին ոչ աշխատանքային է, ուստի որոշել են ԱԺ ամբիոնից այլեւս ավելորդ ելույթներ չունենալ, արագացնել օրենքի քննարկումները եւ գարնանային նստաշրջանի առաջին նիստերը համարել ավարտված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ԱԺ խմբակցություններում քննարկվել է այն հարցը, որ խորհրդրանում պետք է «կրքերը թուլացնել», քանի որ արդեն հանրության շրջանում սկսվել է լուրջ քննադատություն հնչել նրանց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ խորհրդարանում հունվարի 21-ին, երբ սկսվեց երկրորդ ընթերցմամբ քննարկվել քրեական ենթամշակույթի օրենքի նախագիծը, քաշքշուկսկսվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ: Դրանից հետո իշխող խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, սկսեցին քննադատել ԲՀԿ-ականներին ու «քարը քարին չթողնելով»` միմյանց վիրավորեցին ու անպատվեցին: Խմբակցության անդամները մոռացան, թե ինչի համար են խորհրդարան եկել, ու շեղվելով հիմնական օրակարգից`սկսեցին միմյանց վիրավորել ու «դաստիարակել»:

Եւ այսպես, այսօր խորհրդարանը սկսելու է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն երկար չի տեւելու. օրենսդիրներն ամեն ինչ կանեն այն կարճ ժամանակահատվածում ավարտելու համար:

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս