Երևանում մանկապարտեզներ վերանորոգող ընկերության տնօրենը «թռել» է ԱՄՆ. գործերը կիսատ են, քաղաքապետարանը՝ զայրացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը դիմել են ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ 2011 թվականին հիմնադրված, շինաշխատանքներ իրականացնող «3դ կադ»ՍՊԸ-ին ընդգրկելու համար գնումների գործընթացին մանակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Նշենք, որ այս ընկերությունը երկար տարիներ մասնակցել է պետական գնումների մրցույթներին: Հիմնականում իրականացրել է մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման աշխատանքներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «3դ կադ»-ի հետ քաղաքապետարանը պայմանագիր կնքել է դեռեւս նախորդ տարվա փետրվարի 22-ին: Ի դեպ, ընկերությունը, ըստ պայմանագրի, պարտավորվել է իրականացնել Երեւանի փողոցների մայթերի վերանորոգման՝ սալիկապատման աշխատանքները: Պայմանագրի ժամկետի ավարտը սահմանված է եղել անցած տարվա դեկտեմբերի 20-ը:

Ի դեպ, այդ աշխատանքների համար Երեւանի քաղաքապետարանը պետք է ընկերությանը վճարեր 30 մլն 790 հազար դրամ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այդ աշխատանքները կատարել է մասնակի, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետարանը միակողմանի մասնակի հրաժարվում է ընկերության հետ կնքված պայմանագրից՝ համարելով այն լուծված:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ գրությամբ դիմել է ընկերությանը եւ տեղեկացրել, որ պայմանագիրը կնքելու օրվանից անցել է 5 ամիս, սակայն աշխատանքները կատարվել են խիստ դանդաղ տեմպերով:

Նաեւ ընկերությանը ներկայացվել են մի շարք վերանորոգման կարիք ունեցող փողոցների մայթերի թվով 37 հասցեներ, որոնցումմինչօրս աշխատանքները չենսկսվել:

Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը բազմաթիվ նամակներ են ուղարկվել, որտեղ ներկայացվել են վերանորոգման կարիք ունեցող փողոցների մայթերի հասցեներ եւ տրվել են հանձնարարականներ, որոնք չեն կատարվել, իսկ նախազգուշացումները անտեսվել են:

Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ անբարեխիղճ ընկերությունը կիսատ է թողել նաեւ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որընկերությունն այս դեպքում կատարել է աշխատանքների ընդամենը 18 տոկոսը, ապա կիսատ թողել գործը: Այս դեպքում ընկերության հետ դեռեւս նախորդ տարվա սկզբին պայմանագիր կնքել էր ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է «3դկադ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը բավարարել: Նշենք նաեւ, որ այդ մասնակիցը սեւ ցուցակում ներառվում է երկու տարի ժամկետով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «3դկադ» ընկերության հետ, սակայն առկա հեռախոսահամարները անջատված էին: Ի վերջո, մեզ հաջողվեց ընկերության հիմնադրի՝ Արմիկ Աղայանցի բնակարան զանգահարել, սակայն այնտեղից մեզ փոխանցեցին, որ Աղայանցի ընտանիքը անվերադարձ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ստացվում է, որ անբարեխիղճ ընկերության պատճառով անորոշ հետաձգվել է ոչ միայն մանկապարտեզի հիմնանորոգումը, այլեւ մայրաքաղաքի մայթերի բարեկարգումը:

Իսկ եթե քաղաքապետարանն ու տարածքային զարգացման հիմնադրամը ուշադիր լինեին, ապա ավելի շուտ կլուծարեին պայմանագրերը, եւ մեկ այլ ընկերությանը կվստահվեր այդ գործը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս