Ափսոսում եմ, որ ավելի վաղ բեմը չէի ընտրել. Հայկ Պետրոսյանը՝ միջազգայնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն է: Նա ավարտել է Փարիզի Ռ.Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրի, ապա Երեւանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

Հայկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ կարճ ժամանակ աշխատել է իր առաջին մասնագիտությամբ. «Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչությունում ներկայացուցչի օգնական եմ աշխատել: Քարտուղարի գործ էի անում: Քաղաքական դաշտ մտնելու ցանկություն երբեք չեմ ունեցել, մասնագիտությանս ընտրությունը պայմանավորված էր այն բանով, որ պատմություն շատ եմ սիրում,իսկ բեմի հանդեպ սերը մեր ընտանիքում միշտ է եղել: Երգը, պարը, դերասանությունը իմ կյանքից անպակաս են եղել»:

Հայկի խոսքով՝ որքան էլ մեծ էր թատրոնի հանդեպ սերը, թատերական կրթություն ստանալու ցանկություն երբեք չի ունեցել: Բեմը Հայկին ձգել է աստիճանաբար,իսկ առաջին մասնագիտությունը ստանալիս նա չէր էլ պատկերացնում, որ իր հետագա ուղին բեմի հետ է կապված լինելու. «Իմ առաջին պաշտոնական բեմելը եղել է 2009-ին «Հայսուպերսթար» նախագծի շրջանակում:

Այդ ժամանակ սիրահարված էի, ուզում էի մտքերս ցրել եւ որոշեցի մասնակցել նախագծին: Բայց, բացի այդ, հոգու խորքում գիտեի, որ միայն դա չէր պատճառը. ուզում էի բեմ բարձրանալ: Իհարկե, այդ պահին դա գիտակցված որոշում չէր, ամեն բան ենթագիտակցական մակարդակում էր կատարվում: Համենայնդեպս, «Հայսուպերսթարին» մասնակցելը ճակատագրական եղավ իմ կյանքում»:

Հայկը չի զղջում, որ առաջին մասնագիտությամբ չի շարունակել ուղին, փոխարենն ափսոսում է, որ ուշ է կայացրել բեմական կյանքն ընտրելու որոշումը: «Եթե ավելի վաղ ընտրեի բեմը, օրինակ՝ դաշնամուր ավելի լավ կնվագեի, մի շարք տեխնիկաների ավելի լավ կտիրապետեի»,- եզրափակեց Հայկը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս