Այսօր Կապանում կայացած ասուլիս ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին` նշելով, որ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել է կեղծիքով, որի վրա աչք չեն կարող փակել: Փաշինյանի խոսքով` 2018 թվականի մայիսից սկսած Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել իրեն: «Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,- ասաց վարչապետը:
Ավելի ուշ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով.
«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հրայր Թովմասյանի հայտարարությանը` գրելով.
«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։
Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: