Անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 24 հազար 164 դեպք: 2018 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 190 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1974 դեպքով:
Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասնմեկ ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 12 հազար 243 դեպք, իսկ 2018 թվականի այդ ցուցանիշը կազմել է 11 հազար 561: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը դարձյալ ավելացել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվն անցած տարվա տասնմեկ ամիսներին եղել է 264՝ 2018 թվականի 209-ի դիմաց:
Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ բավականին նվազել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես 2018 թվականի հունվար-նոյեմբերին կաշառք ստանալու ընդամենը 468 դեպք է գրանցվել, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 295-ի:
Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով անցած տարվա 11 ամիսներին դեպքերի աճ է արձանագրվել: 2018 թվականի 3240 դեպքի դիմաց անցած տարի արձանագրվել է 3 հազար 608 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ:
Ս.Հ.