Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ ներկայացրեց Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Պաշտպանական կողմը ներկայացնում են փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք հաստատում են դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։