Ինչպես հայտնի է, հայտնի են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Անահիտ Մինասյանին, որը ընտրվել է հանձնաժողովի անդամ՝ որպես իրավաբան-գիտնական:
-Տիկի՛ն Մանասյան, Դուք ընդգրկվել եք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Ըստ Ձեզ՝ ո՞ր արժանիքի համար են Ձեզ ընտրել:
-Ինքս իմ արժանիքների մասին սովորաբար չեմ խոսում: Մարդու ցանկացած ինքնագնահատական սուբյեկտիվ է,եւ միշտ չէ, որ իրականությունն օբյեկտիվ է ներկայացնում: Կարծում եմ, որ կենսագրականիս ու մասնագիտական գործունեությանս ծանոթանալը կարող է լավագույն տարբերակը լինել սահմանադրական կայունության, սահմանադրական զարգացումների եւ, ընդհանուր առմամբ, սահմանադրական իրավունքի բնագավառում ունեցած ձեռքբերումներս գնահատելու համար:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին, որ հանրությունը մեր միջոցով տեղեկանա, թե ինչ գործունեությամբ եք զբաղվել մինչեւ այժմ. լայն շերտերի համար անհայտ կերպար եք:
-Զուտ փաստեր արձանագրեմ՝ առանց որեւէ գնահատականի: Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ դեռեւս ուսանողական տարիներից: Աշխատել եմ Արդարադատության նախարարությունում, Սահմանադրական դատարանում: Այժմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն եմ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Սովորել եմ նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Ստաժավորում եմ անցել Հունգարիայի Սահմանադրական դատարանում: Որպես փորձագետ մասնակցել եմ միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով եւ այլն) կողմից սահմանադրական իրավունքին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման գործընթացներին: Հակիրճ երեւի թե այսքանը:
-Ինչպիսի՞ քաղաքական հայացքներ ունեք եւ որքանո՞վ եք կիսում իշխանությունների վարած քաղաքականությունը:
-Մասնագիտական գործունեության տեսանկյունից մշտապես կարեւորել եմ պրոֆեսիոնալիզը, անկախությունն ու անաչառությունը: Այդ է պատճառը, որ քաղաքական գործունեությամբ երբեւէ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում եւս իմ գործունեությունը զուտ որպես փորձագիտական եւ մասնագիտական եմ ընկալում: Դա առանցքային է սահմանադրական զարգացումների պատշաճ գործընթաց երաշխավորելու տեսանկյունից: Հետեւաբար, նշված գործընթացը չձեւախեղելու, իմ մասնագիտական գործունեության հիմքում դրված սկզբունքները պահպանելու նպատակով, որպես սահմանադրագետ Անահիտ Մանասյան, ձեռնպահ կմնամ քաղաքական բնույթի հարցադրումներին արձագանքելուց:
-Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, եւ համակարծի՞ք եք, որ այդ հարցը պետք է կարգավորվի հենց սահմանադրական փոփոխություններով:
-Սա շատ խորը եւ բազմաշերտ հարցադրում է, որին պրոֆեսիոնալ պատասխան հնչեցնելը տարատեսակ հարթություններ ընգրկող լայնածավալ վերլուծության ներկայացում է ենթադրում: Նման հակիրճ հարցազրույցի շրջանակում ընդհանրական պատասխանի ներկայացումը անլուրջ կլինի եւ միանշանակ չի բավարարի պրոֆեսիոնալիզմի այն չափանիշներին, որոնց մասին արդեն խոսեցի:
-Եթե Ձեր առջեւ պայման դրվի՝ մշակել այնպիսի նախագիծ, որը կօգնի հենց ազատվել ՍԴ նախագահից, Դուք ինչպիսի՞ դիրքորոշում կունենաք:
-Հիշյալ համատեքստում խոսքը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մասին է, որն ինքը պետք է մշակի սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը: Ես սահմանադրագետ եմ եւ իմ մասնագիտական գործունեության առանցքում երբեւէ չեմ դրել անձերին կամ հատվածական իրավիճակներ: Ինձ համար մասնագիտական գործունեության տեսանկյունից սկզբունքային է հիմնախնդիրներին առնչվող չափանիշների մշակումը եւ, անկախ կոնկրետ անհատներից կամ հատվածական իրավիճակներից, դրանց գործարկումը:
Այս ամենի հիմքում էլ ինձ համար ընկած են պրոֆեսիոնալիզմի, դրա կարեւոր նախապայման հանդիսացող անկախության եւ անաչառության, մասնագիտական էթիկայի պահանջները: Իմ ցանկացած գործունեություն, այդ թվում՝ նշյալը, կառուցել եմ եւ կառուցելու եմ ներկայացված չափանիշների պահպանմամբ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը