Հայաստանի կողմից նոր առաջարկություններ պետք է դրվեն բանակցային սեղանին. Արցախի ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցն անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ նշեց՝ սա ժամանակավոր խախտված բանակցությունների վերականգնում էր: Ցանկացած վատ բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը:

«Կարծում եմ՝ նոր ձևաչափեր են մեջտեղ բերվում, որովհետև Հայաստանի նոր իշխանությունները կոշտ դիրքորոշում են ձեռք բերել, բայց այնուամենայնիվ բանակցությունները պահպանելու են ստատուս-քվոն, որը ողջունելի է, և կարծում եմ՝ առաջիկայում մեծ առաջարկությունների փաթեթ պետք է դրվի բանակցությունների  սեղանին, և այդ ժամանակ էլ մենք մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց մեր զրուցակիցը:

ԱՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների հիմքում դված է մի փաստաթուղթ, որը խիստ բացասական է, թե՛ Արցախի , թե՛ Հայաստանի համար:

«Իմ կարծիքով, տարածության և ժամանակի մեջ ձևաչափերն ու մոտեցումները պետք է փոխվեն, Հայաստանի կողմից նոր առաջարկություններ պետք է մեջտեղ գան, և ամենակարևորը՝ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, որպեսզի արդյունավետ այդ թնջուկը լուծենք»,- ընդգծեց Ռուդիկ Հյուսնունցը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցն ասաց, որ սահմանում իրավիճակը խաղաղ է, ոչ մի արտառոց բան չի կատարվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս