Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում: Այս մասին ասված է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակման մասին հայտարարությանն ի պատասխան Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի դիրքորոշմանն այն մասին, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը, որոնց թվում են նաև ռուսականները, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։
Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ Հայաստանում ՌԴ դեսպանը համաձայն է այս մոտեցմանը: Կցանկանայինք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ միակ, այն էլ՝ բավական վաղուց կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Հակոբյանի հնչեցրած՝ առանց արտասահմանյան հեռուստաալիքների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու մտադրությունն ընդամենն ընդունվել է ի գիտություն։
Դիվանագիտության առաքելության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների լսարանն են: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակումը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում»,- ասվում է ՌԴ դեսպանության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում օտար հեռարձակողներ չպետք է լինեն։