««Ազիզյանները» սիթքոմի անձնակազմը զարմացել էր, որ տիկին Դոնարին մարմնավորող դերասանից հետո պուճուր-մուճուր աղջիկ է եկել նախագիծ: Հենց առաջին նկարահանման օրը, երբ Նարինե Ոսկանյանն էլ էր այնտեղ, ասաց. «Տեսնեմ ո՞վ է իմ փոխարեն խաղալու, տեսնեմ կկարողանա՞ս գյումրվա բարբառով խոսել»: Նա չգիտեր, որ գյումրեցի եմ, եւ ես տիկին Նարինեին պատասխանեցի հենց մեր բարբառով: Ի դեպ, ինձ շատ են ասում, որ կերպարը, որին մարմնավորում եմ, բացարձակ կապ չունի ինձ հետ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհի Փառանձեմ Սահակյանը, որը խաղում է «Ազիզյանները» սիթքոմի 7-րդ եթերաշրջանում:
Նրա խոսքով՝ սիթքոմի նկարահանումներն անցնում են հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում: Ի դեպ, մինչ սիթքոմում հիմնական նկարահանվելը Փառանձեմը մի էպիզոդիկ կերպար է մարմնավորել նախագծի շրջանակում: Դերասանուհին ընդգծեց, որ չնայած նախագծում ընտանեկան միջավայր է տիրում, իր համար փոքր-ինչ դժվար է եղել ինտեգրվելը, քանի որ «Թղթե երազանք» ֆիլմի լուրջ կերպարից անցում կատարեց կատակերգական կերպարի. «Անընդհատ մտահոգվում էի, մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, բայց այն ջերմությունը, որ ստացա, ստիպեց ինձ մոռանալ, որ նորեկ եմ»,-ասաց Փառանձեմը:
Դերասանուհին այլ նախագծերից եւս առաջարկներ ունի.նա նկարահանվելու է 24 մասանոց հեռուստադրամայում: Առնվազն երկու նախագծերի հետ կապված ծրագրեր կան, սակայն դրանց մասին մանրամասներ նա դեռեւս չի կարող հայտնել:
Խոսելով 2020-ի ծրագրերի մասին՝ դերասանուհին շեշտեց, որ այս տարի ճամփորդելու մեծ ցանկություն ունի. «Եթե մարդ իր համար բացահայտումներ չի անում, ուրեմն անհետաքրքիր կյանքով է ապրում: Բացի այդ՝ պետք է անընդհատ զարգանալ, լայնանալ, իսկ այլ երկրներում գտնվելը նպաստում է դրան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի Անտոնյան