Արցախի ՊԲ-ն՝ էլիտար զորամասի լուրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016 թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ, լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում: ԱՀ ՊՆ-ն ընդգծում է նաև, որ տվյալ զորամասը, մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ, կրում է նաև մարտական հերթապահություն:

«Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից:

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացներն իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 




Լրահոս