Այսօր վաղ առավոտից ամբողջ համացանցը քննարկում է արցախյան ռեստորաններից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
Ինչպես վարչապետը մանրամասնել էր սոցիալական ցանցի իր էջում, ռեստորանում հաշիվը վճարելուց հետո իրեն ՀԴՄ չեն տվել, եւ ինքը փորձել է հասկանալ դրա պատճառները: Դրան զուգահեռ «Արի ռեզորթ»-ի սեփականատեր Արշակ Զաքարյանն էլ սոցիալական ցանցի իր էջում է հայտարարությունների տեսքով այլ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը՝ ասելով, թե ՀԴՄ չտպելու պատճառը միայն սարքի լիցքավորման խափանումն է եղել:
Թերևս ռեստորանի սեփականատիրոջ որդեգրած ինքնապաշտպանական դիրքորոշումը սպասելի էր, գուցե նրա պես վարվեր «անտիՀԴՄ-ական» գործելաոճով աշխատող մեկ այլ տնտեսվարող ևս: Համենայն դեպս, վարչապետն իր խոսքում նկատել էր, որ ռեստորանի աշխատակիցները չէին տիրապետում ՀԴՄ սարքից օգտվելու մեխանիզմներին:
Այստեղ առավել տարակուսելի և մտահոգիչ է այն փաստը, որ տարօրինակ մեկնաբանությամբ արդարանալուն զուգահեռ Արշակ Զաքարյանը, կարծես թե, համակիրների մեծ բանակ է հավաքել, որոնք փորձում են տեղի ունեցածն այլ կերպ մեկնաբանել՝ մոռանալով առկա փաստը. իշխանություններն առաջին իսկ օրվանից կարեւորել են ՀԴՄ կտրոններ տրամադրելու հանգամանքը, եւ կիրակի օրը տեղի ունեցածը այդ ամենի տրամաբանական շարունակությունն է:
Ստացվում է՝ տեղի ունեցածի համար ներողություն խնդրելու, իրենց սխալն ընդունելու, շտկելու, չկրկնելու խոստումներ տալու փոխարեն՝ կան մարդիկ, որոնք տեղի ունեցածի վրա փորձում են ինքնահաստատվել եւ ՀԴՄ կտրոն չտրամադրելու հարցն անլրջացնել:
Այնինչ, ՀԴՄ կտրոն պարտավոր են տրամադրել բոլոր տնտեսվարողները՝ անկախ նրանից՝ ում ռեստորանն է կամ ովքեր են այդ հաստատության այցելուները: