Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ:
Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց: Այսինքն՝ կարելի է ասել՝ սա ասուլիս էր՝ հետագայում կրկին ասուլիս անելու մասին: Եւ ընտրված օրն էլ անհաջող էր, քանի որ այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ թեժ օրակարգով:
«Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, այս պահին ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել: Գաղափարախոսության մասին կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ: Ուղղությունը կլինի կենտրոնամետ-աջ, իսկ ավելի լայն կխոսենք հետագայում»,- նշեց Վանեցյանը: Տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հնչել են բազմաթիվ հարցեր՝ սկսած նախկին իշխանությունների հետ կապերի, հրաժարականի պատճառների, Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հետաքրքրվել է Վանեցյանի հրաժարականից հետո նրա հրապարակային խոսքում առկա այն ակնարկների մասին, թե երկրին պատուհասել են վտանգներ: Կարո՞ղ եք կոնկրետացնել՝ ինչ վտանգ է սպասվում, ում կողմից, եւ, ի վերջո, ինչու եք լռում: Այս հարցին, սակայն, կոնկրետ պատասխաններ չտրվեցին:
«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց: Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որը անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար: Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին, եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի», – նշեց նա:
Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել: «Իհարկե, ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,- նշել է նա:
Այնուհետեւ գլխավոր խմբագիրները նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել սահմանադրական ճանապարհով: «Համաձայն չեմ այն պնդման հետ, որ դա հակասահմանադրական է՝ առաջին փուլը, քանի որ եղել է ժողովրդի պահանջ, եւ նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ եւ հրաժարական են ներկայացրել՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին, եւ ՀՀԿ-ն աջակցել է Նիկոլ Փաշինյանին սահմանադրական ճանապարհով վարչապետ դառնալու համար:
Այ թե ինչ եղավ հետո, խորը վերլուծության եւ զրույցի թեմա է, որի մասին, կարծում եմ, մի օր առանձին կխոսենք եւ փակագծեր կբացենք»:
ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում, տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո:
«Տարաձայնությունները եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել եւս հրաժարականից հետո ոչինչ պարտք չեմ: Ես չեմ ափսոսել իմ՝ հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել մեր քաղաքացիների հույսերը, մեր քաղաքացիների այն սպասումները, եւ եղել են շատ մեծ հիասթափության ալիքներ», – հավելեց նա:
Արթուր Վանեցյանը չհամաձայնեց ներկաներից մեկի այն դիտարկմանը, թե ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով ԱԱԾ-ն «մասկի շոու» է կազմակերպել, եւ հրահանգված է կատարվել նաեւ Քոչարյանի ձերբակալությունը:
«Ես չեմ կիսում գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված միջոցառում էր: ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Այն, թե հետագայում ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրա պատասխանատուն: Այն, ինչ տեսանյութում ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը:
Քննությունը իրականացվել է արդեն ՀՔԾ-ում, ԱԱԾ-ն որեւէ մասնակցություն չի ունեցել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ես դա չէի անվանի իր գործ, «Մարտի 1»-ի բացահայտման մասին է խոսքը, եւ «Մարտի 1»-ի գործ ասելիս բոլորը, այդ թվում՝ ես, հասկանում եմ, որ նախապատվություն պետք է տրվի 10-ը սպանությունների բացահայտմանը:
Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունն արդյոք նպաստո՞ւմ է դրան. ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է Քոչարյանին… բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, քանի որ նա երբեւիցէ իր որեւէ քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից»:
ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերեւս հանդիպման վերջում: Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չցանկացավ հայտնել:
Մեկ այլ ուշագրավ բացահայտում էլ արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով, նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, վերաբացել գործը:
Սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետեւ Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկիրից, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, եւ ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց, եւ ինչո՞ւ գլխավոր դատախազը չմտավ Ազգային ժողով նրան անձեռնմխելիությունից զրկելու համար»:
Բացի այս, Վանեցյանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, եւ այդ պատճառով իր խոսքում ասել է. «Կա՛նգ առ»:
Նաիրա Հովհաննիսյան